ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ
Աջակցիր «Ա1+»-ին«Այս տարին նախորդ տարվա համեմատ ավարտելու ենք համեմատաբար ավելի վատ արդյունքներով, սակայն վտանգված է 2009 թվականը, որովհետեւ մակրոտնտեսական միջավայրը, ընդհանուր միտումները բացասական են, եւ մեր երկրում դեռ ոչ մի լուրջ միջոց չի գործադրվել այդ բացասական միտումներին դիմակայելու առումով»,- երկրում առկա տնտեսական խնդիրների վերաբերյալ «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:
Խոսելով համաշխարհային ֆինանսական ճգնաժամի մասին` նա նշեց այն բոլոր հնարավոր ազդեցությունները, որ կարող է ունենալ Հայաստանի տնտեսությունը դրա հետեւանքով: «Մենք գիտակցում ենք, որ չունենք ֆինանսական շուկա իբրեւ այդպիսին: Ունենք միայն ոչ շատ մեծ բանկային համակարգ, եւ եթե խոսում ենք ուղղակի ազդեցությունների մասին, ապա անհնար է, որովհետեւ մեր երկրի բանկային համակարգի ներդրումները միջազգային ֆինանսական շուկաներում կամ չնչին են, կամ իսպառ բացակայում են»,- ընդգծեց Բագրատ Ասատրյանը:
Բայց, ըստ նրա` Հայաստանի դեպքը ուրիշ է եւ «չմոռանանք, որ խոսքը գնում է 2008թ. մասին, իսկ այն տնտեսական իմաստով խիստ անբարենպաստ էր»: Տնտեսագետը այդ անբարենպաստությունը պայմանավորում է նախ քաղաքական պատճառներով: «Մի երկիր, որտեղ իշխանությունը գնում է հնարավոր եւ անհնար բոլոր կեղծիքների, ընտրությունները վերածում է քրեա-ոստիկանա-վարչական մի միջոցառման, որտեղ պետք է բացակայի ազատ կամքի դրսեւորումը, կրակում է ժողովրդի վրա, ահաբեկման միջոցով փորձում է ինքնահաստատվել սեփական երկրում, որտեղ «կարգ ու կանոն» հաստատողները բանդաներն են, իհարկե պոտենցիալ ներդրողների համար ոչ ցանկալի պետք է լինի: Դրա արտահայտությունը մենք տեսել ենք եւ եթե այս տարվա առաջին կիսամյակով դատենք, ապա, այո, մեզանում տեղի է ունեցել միջոցների արտահոսք, ի դեմս բանկային համակարգի արտաքին ակտիվների նվազման»,- նշեց նա: Տնտեսագետը նկատում է, որ կորուստների մի մասը պայմանավորված էր այն հանգամանքով, որ պոտենցիալ ներդրողները իրենց վճիռների կայացումը հետաձգում են. «Ընդհանրապես եթե վերցնենք առաջին կիսամյակի տնտեսական կյանքը, ապա կարելի էր գնահատել իբր— սպասողական տրամադրությունների ժամանակահատված»:
Վերադառնալով ֆինանսական ճգնաժամի ազդեցությանը` Բագրատ Ասատրյանը ասաց, թե ֆինանսական համակարգի վրա ուղղակի ազդեցությունները եւս կտեսնենք, եթե արդեն չենք տեսնում, որովհետեւ Հայաստանի ֆինանսական կամ բանկային համակարգը զգալիորեն կապված է արտաքին շուկաներից. «Մասնավորապես մեր բանկային համակարգի կապիտալի մոտ կեսը արտասահմանյան է, որի զգալի մասը ռուսական կապիտալն է եւ ակնհայտ է, որ ռուսական կապիտալով բանկերը կամ ռուսական բանկերի Հայաստանյան մասնաճյուղերը, անկախ այն հանգամանքից, որ մեր երկրում գրանցվում եւ գործում են լիարժեք ռեզիդենտության սկզբունքով, կունենան որոշակի խնդիրներ, ինչը կանդրադառնա նաեւ մեր տնտեսության վրա ի դեմս վարկավորման ծավալների կրճատման: Հուսանք, որ ավելի լուրջ հետեւանքներ չեն լինի, թեեւ մեր երկրի իշխանությունները այդ իմաստով դեռեւս ոչ մի քայլ չեն ձեռնարկել»: Հաջորդ գործոնը, ինչպես փաստեց Բագրատ Ասատրյանը` տրանսվերտներն են:
«Բնական է, որ եթե արտերկրում վիճակը վատանում է, այնտեղ պրոբլեմներ առաջ գալու դեպքում պետք է կրճատվի այդ միջոցների հոսքը Հայաստան: Սա չի նշանակում, որ վաղվանից սկսած մեր հայրենակիցները իրենց բարեկամներին փող չեն ուղարկելու, ուղղակի չի աճելու նրանց ծավալը»: Ի դեպ, ըստ տնտեսագետի` ունենք նաեւ արտաքին ապրանքաշրջանառության բավականին լուրջ ծավալներ եւ բնականաբար միջազգային շուկայում գների տատանումները իրենց ազդեցությունը ունենալու են Հայաստանի տնտեսության վրա: Հանքահումքային արտադրատեսակների, պղնձի ու մոլիբդենի գների անկումը, ոսկու գների էական տատանումները եւս ազդելու են տնտեսության վրա: