Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՆՔ ՇԱՏ ՄԵԾ ՃԵՂՔՎԱԾՔ»

Տնտեսություն

Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը Հայաստանում գնաճի բավականին բարձր մակարդակը չի պայմանավորում միայն միջազգային շուկայում գների բարձրացումով:

«Սովորական սպառողն էլ է նկատում, որ Հայաստանում գները մի հատկություն ունեն` միայն բարձրանում են: Բարձրացումը, ինչ խոսք, միջազգային գների բարձրացման արդյունք է, սակայն միջազգային շուկայում գները նաեւ իջնելու հատկություն ունեն, որը, ցավոք, մեր մոտ չի արտահայտվում»,-«Ա1+»-ին ասաց նա:

Տնտեսագետի պնդմամբ` Հայաստանում գնային բարձրացումները անմիջապես հետեւում են քաղաքական իրադարձություններին, հիմնականում նախագահական ընտրություններին: «Ուշագրավն այն է, որ նախընտրական շրջանում իշխանությունների ճնշմամբ գները սովորաբար կայուն են, հավանաբար ժողովրդին չգրգռելու նպատակով: Սակայն հետընտրական զարգացումները շշմեցնող են. ժողովրդի մասին մտածելը պարզվում է միայն թոզ փչել է, իսկ շուկային նման կոպիտ միջամտելու համար եւս վճարում է ժողովուրդը, սակայն ավելի թանկ,- նկատում է Բագրատ Ասատրյանը,-Հանրապետությունում ձեւավորված մենաշնորհային, օլիգարխիկ համակարգը, գնագոյացման ոչ թափանցելի, ոչ մի տրամաբանության չենթարկվող համակարգը մի խնդիր է լուծում` բազմապատկել եկամուտները, որը եւ հաջողվում է իշխանությունների հովանավորության ներքո»:

ԿԲ նախկին նախագահը համարում է, որ իշխանությունները պետք է ավելի շատ մտածեն, քիչ խոսեն, մասնավորապես ճգնաժամի հաղթահարման առումով: Ըստ նրա` սկզբում անտարբեր վերաբերմունք եղավ իշխանությունների կողմից, միայն պնդումներ էին հնչում, որ ոչ մի բան էլ չի լինելու, հետո սկսեցին կիսատ-պռատ կիսամտահոգիչ ելույթներ, բայց հիմնականում իրենց ցույց տալու համար: «Անցած օրը հեռուստաալիքներից մեկով ցույց են տալիս Սերժ Սարգսյանը հանդիպում է ԿԲ նախագահին եւ հանձնարարականներ է տալիս: Կներեք, այդ գործելաոճը գուցե 60-ական թվականներին ընդունելի լիներ: Բայց սա նաեւ նշանակում է, որ նշված մարմինները իրենց անելիքների մասին պատկերացում անգամ չունեն: ԿԲ անկախ մարմին է, բայց պարզվում է` նախագահը հանձնարարական է տալիս: Եթե այսպես է լինելու, չեմ կարծում, որ շատ բաներով կարողանանք հպարտանալ»,- «Ա1+»-ին ասաց նա:

Անդրադառնալով նաեւ դոլար-դրամ փոխարժեքին, տնտեսագետը նկատեց, որ ի տարբերություն նախորդ տարիների, երբ մենք գործ ունեինք դրամի արժեւորման հետ, այս տարի դրամ-դոլար փոխարժեքը փաստորեն նույն մակարդակի վրա է մնացել: «Անգամ դրամը դոլարի նկատմամբ մի քիչ արժեզրկվեց: Սա պայմանավորված էր այն իրական գործընթացներով, որ դրսեւորվում են մեր տնտեսության մեջ, եւ այս իմաստով ես օբյեկտիվ որեւէ նախադրյալ, հիմք չեմ տեսնում, որ դրամը շարունակի արժեվորվել, մինչդեռ հակառակ զարգացման հնարավորությունը չի բացառվում»,- շեշտեց նա, ապա ավելացրեց, թե վերջին մի քանի տարիների ընթացքում առաջին անգամ նկատվում է մեր արտաքին միջազգային պահուստների ծավալի նվազում կամ կրճատում` գումարած ներմուծման աննախադեպ, շատ բարձր տեմպերով աճը, էքսպորտի ծավալների կրճատման պարագայում.

«Այս տարի վճարային հաշվեկշիռը ունենալու է շատ ավելի մեծ ճեղքվածք` մոտ 3 միլիարդ: Արտարժույթի ներհոսքի աճի դադարեցումը կամ նվազեցումն անգամ կհանգեցնեն փոխարժեքի տատանումներին: Պետք չէ մոռանալ նաեւ գնաճի բարձր մակարդակի մասին, որի պարագայում դրամի արժեզրկումը ամենահավանական սցենարն է»: