ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՆ ԵՐԿԱԹԳԻԾԸ
Աջակցիր «Ա1+»-ինԵվրոպական միությունը սկսում է մի ծրագիր, որի նպատակն է TRACECA (Եվրոպա -Կովկաս -Ասիա տրանսպորտային միջանցք) ծրագրի շրջանակներում կատարել Թբիլիսի -Երեւան գործող երկաթգիծի ուսումնասիրությունը եւ տեխնիկատնտեսական հիմնավորումը:
Եվրամիության TACIS-TRACECA ծրագրի նպատակն է միջազգային տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման միջոցով օժանդակել Սեւծովյան եւ կովկասյան տարածաշրջանի, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայի քաղաքական եւ տնտեսական զարգացմանը: Ներկայումս TRACECA-ն ընդգրկում է 13 երկրներ. 5 եվրոպական, 3 կովկասյան եւ կենտրոնական Ասիայի 5 պետություններ:
Թբիլիսի-Երեւան հիմնական երկաթգիծը, որը գործարկվել է 1899թ. եւ էլեկտրաֆիկացվել 1967թ. տեխնիկական սպասարկման եւ արդիականացման չափազանց մեծ խնդիրներ ունի եւ այդ պատճառով չի կարող արդյունավետ եւ մրցունակ կերպով բավարարել տրանսպորտային ներկայիս եւ ապագա կարիքները:
Ծրագրի շրջանակներում կուսումնասիրվի նաեւ այլընտրանքային` Երեւան -Թբիլիսի երկաթգիծը, որն անցնում է Ադրբեջանի տարածքով: Այն գործարկվել եւ էլեկտրաֆիկացվել է 1984թ., սակայն վերջին մի քանի տարիներին նրա միայն Երեւան-Դիլիջան հատվածն է գործարկելի:
Առաջիկա մեկ տարվա ընթացքում խորհրդատումները կգնահատեն առկա իրավիճակը եւ երկաթգծի վերականգնման համար կմշակեն մանրամասն առաջարկ:
Նշված ծրագիրը կիրականացնեն իտալա-ուկրաինական կոնսորցիումը, որի կազմի մեջ մտնում են հետեւյալ ընկերությունները` Lattanzio e Associati S.p.A. (Իտալիա), Khardiprotrans OJSC (Ուկրաինա), International Consulting & Service Group s.r.l. (Իտալիա), International Railway Technology & Service s.r.l. (Իտալիա):