ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏՈՐՆԱԴՈՅԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՉԷ՞
Աջակցիր «Ա1+»-ին
Այն դեպքում, երբ ամբողջ աշխարհը քաղում է տնտեսական ճգնաժամի դառը պտուղները, ՀՀ իշխանությունների համար դա նույնիսկ նոր հնարավորությունների առիթ է: Համենայնդեպս, այդպես է կարծում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:
Նրա կարծիքով՝ այսօր աշխարհում չկա ավելի քիչ պարտք ունեցող երկիր, ինչպիսին մենք ենք: Իսկ պարտքը կազմում է ՀՆԱ-ի ընդամենը 15 տոկոսը:
«Դա նշանակում է, որ ցանկացած լավագույն երկրի նկատմամբ 3 անգամ մեր պարտքը կարող ենք ավելացնել, պատկերացնո՞ւմ եք, իսկ դա մի քանի մլրդ ԱՄՆ դոլար է: Այսինքն՝ այն պահին, երբ մնացած երկրները 2 լրջագույն խնդրի առաջ են կանգնած՝ պարտքը չեն կարող ավելացնել, իսկ բյուջեի դեֆիցիտն էլ քանդվել է, չգիտեն ինչ անեն, բայց պիտի ծախսեն՝ ճգնաժամից դուրս գալու համար, մենք ունենք շատ լուրջ ռեսուրս: Այսինքն՝ մեր բյուջեն ունի խնայողություններ, պարտքը եւ դեֆիցիտը խայտառակ ցածր են լավ իմաստով, որ թույլ է տալիս ճիշտ մտածենք, ճիշտ ուղղությամբ գնանք»,- հպարտությամբ նշում է նախարարը:
«Առէկսիմբանկ»-ի ներկայացուցիչ Գարեգին Բաղձյանի կարծիքով եւս՝ ճգնաժամը ոչ միայն խնդիրներ է առաջացնում, այլեւ նաեւ նորանոր հնարավորություններ ստեղծում: «Եթե նայենք այլ պետությունների տեսանկյունից, ապա Հայաստանը, ով ինչ ուզում է ասի, չի գտնվում ճգնաժամային տորնադոյի կենտրոնում, այլ ընդամենը քամիների տակ է ընկնում: Իմ խորին համոզմամբ՝ Հայաստանն ունի իր իր մեծ պոտենցիալը՝ օգտվելու այս ճգնաժամից եւ պետության օգնության շնորհիվ կատարի շատ արագ քայլեր: Ճգնաժամի շնորհիվ նաեւ թույլ կազմակերպությունները կմաղվեն ժամանակի ընթացքում»,- լավատեսորեն կարծում է Բաղձյանը:
Լավատեսական այս հայտարարություններին ՀՀ պետ.եկամուտների կոմիտեի հարկ վճարողների, սպասարկման եւ հարկման ընթացակարգերի վարչության պետի տեղակալ Արմեն Թամրազյանն այնքան էլ կողմ չէր: Նրա կարծիքով՝ պետք չէ անընդհատ շեշտել, թե Հայաստանը տնտեսական ճգնաժամի այդ տորնադոն շրջանցելու է, քանի որ մեր տնտեսությունը, ֆինանսական շուկան այդքան էլ ինտեգրված չեն համաշխարհային տնտեսությանը: «Ասեմ ձեզ, դա ոգեւորվելու գործոն չէ: Սա նույն բանն է, թե մենք ունեինք նախնադարյան տիպի փակ նատուրալ տնտեսություն, անջրպետված ենք ամբողջ համաշխարհային տնտեսությունից եւ դա լավ է, ճգնաժամերը մեզ վրա չեն ազդի: Բայց դա նաեւ մեր ցավն է, որ մենք ինտեգրված չենք եւ դրա համար զարգացում չենք ապրում: Մենք պետք է ուղիներ փնտրենք այս իրավիճակից»,- ասաց Թամրազյանն՝ ավելացնելով, որ այս ամենի պատճառը նաեւ այն է, որ ֆինանսական շուկայի հասնելիությունը մեզ մոտ շատ փոքր է, թեեւ բանկային համակարգը կատարյալ եւ կայացած է, սակայն ռեսուրս չունի: «Բանկային համակարգն այսօր իրական տնտեսությանը չսպասարկող համակարգ է, դրա համար էլ տոկոսադրույքները բարձր են: Ցավը դրանում է»,- ընդգծեց նա:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը եւս աննախադեպ լավատեսությամբ էր տրամադրված տնտեսական ճգնաժամի նկատմամբ՝ նշելով, որ այն միայն վնասներ չի հասցնում: Նրա կարծիքով՝ ճգնաժամը մեզ նման երկներին օգուտներ քաղելու հնարավորություններ է ընձեռում:
«Մեզ համար բացառիկ իրավիճակ է հիմա, որ կարողանանք շատ ավելի ցածր, մատչելի գնով Հայաստան ներմուծել նոր տեխնոլոգիաներ, սարքավորոմներ, որոնք 2-3 ամիս առաջ կարող էին անհասանելի թվալ: Ցանկացած տնտեսական ճգնաժամից երկրները դուրս են գալիս իրենց սարքավորումները թարմացրած, նորացրած՝ դրանով իսկ էլ ավելի պատրաստ լինելով մրցակությանը»,- հայտարարեց նա: