ՏՈՒԳԱՆՎԵՑ
Աջակցիր «Ա1+»-ին
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեության վերաբերյալ տնտեսվարող սուբյեկտների դիմումների հիման վրա ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարույթ էր հարուցել, որի շրջանակներում ընկերությունից պահանջվել է որոշակի տեղեկատվություն:
Ընկերությունը տեղեկատվություն է ներկայացրել Հանձնաժողով, որը, սակայն, չի ներառում պահանջվող` ընկերության կողմից իրականացված մեկ միավոր բեռի փոխադրման ծառայության գնի կառուցվածքի` ինքնարժեքի, մեկ տոննա բեռնափոխադրման գնի, շահույթի եւ շահութաբերության վերաբերյալ տվյալները:
Հանձնաժողովը` սահմանված ժամկետում նախատեսված տեղեկատվությունը չներկայացնելու համար «Հարավկովկասյան երկաթուղու» նկատմամբ նշանակեց տուգանք` 500 000 դրամի չափով:
Միաժամանակ, տեղեկատվությունը ներկայացնելու պահանջը մնում է ուժի մեջ:
ՍԱՀՄԱՆՎԵՑ ԲԱՆԱՁԵՎ
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը («ԱՄՕ») 2008 թ. մարտին դիմել էր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով` խնդրելով վերանայել ավիավառելիքի ձեռքբերման եւ իրացման գների տարբերության (մարժայի) փոփոխության հարցը, քանի որ, ըստ «ԱՄՕ»-ի, տեղի էր ունեցել ծախսերի եւ ձեռքբերման գնի աճ եւ ԱՄՆ դոլարի գնողունակության անկում:
Հանձնաժողովը ապրիլին որոշմամբ համաձայնել է «ԱՄՕ»-ի` 1 տոննա ավիավառելիքը 1164 ԱՄՆ դոլարով ձեռք բերելու դեպքում 141 ԱՄՆ դոլարի չափով մարժա կիրառելու առաջարկությանը:
Համաձայն Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) կողմից ներկայացված` ավիավառելիքի գների վերաբերյալ տվյալների` նավթամշակման գործարաններին վճարվող ավիավառելիքի համաշխարհային միջին գինը 2008 թ. սեպտեմբերի 12-ին կազմել է 1106 դոլար, իսկ սեպտեմբերի 26-ին` 1019 դոլար 1 տոննայի համար:
«ԱՄՕ»-ի մատակարար «Միկա Լիմիթեդ» ընկերությունը մատակարարումն իրականացնում է ՀՀ սահմաններից դուրս: Ըստ «Միկա Լիմիթեդի» տեղեկատվության, իր կողմից ավիավառելիքն իրացվել է մեկ տոննայի դիմաց հուլիսի ընթացքում 1447 դոլար, իսկ օգոստոսին` 1492 եւ 1480 դոլար գներով:
Համաձայն վարույթի ընթացքում ստացված տեղեկատվության, 1 տոննա ավիավառելիքի ձեռքբերման եւ իրացման գների տարբերությունը (մարժան) օգոստոսին կազմել է 212 դոլար (141 ի փոխարեն):
Ըստ «ԱՄՕ»-ի hիմնավորումների, ավիավառելիքի ձեռքբերման գնի աճի պայմաններում նոր` ավելի բարձր գնով խմբաքանակ ձեռք բերելու եւ, առավել եւս, որոշակի պաշար ձեւավորելու համար ընկերությանն անհրաժեշտ են եղել ավելի շատ ֆինանսական միջոցներ, ուստի, «ԱՄՕ»-ն մարժան կիրառելիս հիմք է ընդունել ոչ թե միջինացված արժեքի սկզբունքը, այլ վերականգնման արժեքի սկզբունքը, այսինքն, որպես ձեռքբերման գին ընդունել է ամենաբարձր գինը: Սակայն, այդ դեպքում «ԱՄՕ»-ն պետք է դիմեր Հանձնաժողով` մարժայի նոր մեծություն կիրառելու համար, ինչը վերջինիս կողմից չի արվել:
Տեղեկատվության վերլուծությունից երեւում է, որ «ԱՄՕ»-ն կիրառում է նաեւ ավիաընկերություններին իրացվող ավիավառելիքի խտրական եւ (կամ) տարբերակված գներ:
Օրինակ, «ԱՄՕ»-ի կողմից օգոստոսի 23-ին «Աէրոֆլոտ-Ռուսական Ավիաուղիներին» իրացված ավիավառելիքի 1 տոննայի արժեքը կազմել է 504067 դրամ, «Արմավիաին» իրացվածինը` 491972 դրամ, իսկ հաջորդ օրը «Տաջիկիստան ավիաուղիներին» իրացվածինը` 520396 դրամ, որն «ԱՄՕ»-ի հիմնավորումների համաձայն` պայմանավորված է կանոնավոր եւ ոչ կանոնավոր չվերթների իրականացմամբ:
Հարկ է նշել նաեւ, որ մարժայի սահմանման մասին Հանձնաժողովի որոշումից հետո «ԱՄՕ»-ի կողմից ավիակերոսինի ձեռքբերման գինը բարձրացել էր 28 տոկոսով:
Վարույթի արդյունքում Հանձնաժողովը գտավ, որ մարժայի կիրառման հաշվարկն անհրաժեշտ է փոխարինել այլ` որոշակի բանաձեւի հիման վրա հաշվարկով, ինչը հնարավորություն կտա մեղմացնել ավիավառելիքի ձեռքբերման գների տատանումների ազդեցությունը իրացման գնի վրա:
«ԱՄՕ»-ի կողմից հուլիս եւ օգոստոս ամիսներին ավիակերոսինի ձեռքբերման գնի բարձրացման պայմաններում Հանձնաժողովին չդիմելու եւ գնի բարձրացման ազդեցությունը մեղմացնելու ու լրացուցիչ ֆինանսական միջոցներ ստեղծելու նպատակով մարժան հաշվարկելիս վերականգնման արժեքի սկզբունքը կիրառելու համար աշխատակազմն առաջարկեց նախազգուշացնել «ԱՄՕ»-ին, հանձնարարելով հետագայում բացառել օրենքի հնարավոր խախտումները:
Իսկ կանոնավոր չվերթներ իրականացնող օդանավերի լիցքավորման նպատակով «ԱՄՕ»-ի կողմից ավիակերոսինի ձեռքբերման եւ իրացման գների տարբերության (մարժայի) հաշվարկման համար սահմանվեց բանաձեւ:
Հայտնում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի ծառայությունից: