ԴՐԱՄՆ ԱՐԺԵԶՐԿՎՈՒՄ Է
Աջակցիր «Ա1+»-ինՎերջին օրերին տարադրամի փոխանակման կետերում նկատվում է դոլարի եւ եվրոյի փոխարժեքի բարձրացում:
«Որոշել էի որոշ գումար խնայել հայկական դրամով, սակայն, հիմա չեմ կողմնորոշվում, քանի որ ասում էին ` թե դոլարը երբեք չի բարձրանա, բայց մեկ շաբաթվա ընթացքում այն 302 դրամից դարձավ 310 դրամ»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ամալյա Հովհաննիսյանը: « Դուստրս ԱՄՆ-ից գումար է ուղարկել եւ եթե դոլար գինը բարձրանա, ես գոհ կլինեմ»,- ասաց թոշակառու Անահիտ Գեւրոգյանը:
Այն, որ Հայաստանում դոլարի գինը բարձրանալու է,- համոզված է տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանը, քանի որ ըստ նրա, նվազելու է մեր երկիր այդ տարադրամի հոսքը:
«Մասնավոր տրանսֆերտների հոսքը եւ տարբեր շինարարական նախագծերում դոլարային միջոցների տրամադրումը կկրճատվի, իսկ եթե մի ապրանքը քչանում է, ապա դրա գինը կբարձրանա»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա: Տնտեսագետի կարծիքով, թեեւ 2009 թվականի բյուջեի նախագծում կանխատեսվել է, որ 1 ԱՄն դոլարը կարժենա 303 դրամ, սակայն իրականում այն ավելի բարձր կլինի:
«ՀՀ պայմաններում կանխատեսումներ անելը անշնորհակալ գործ է, քանի որ գոյություն ունի արհեստականության գործոնը: Ասենք այն, որ այս տարվա հունվարից աշխարհում դոլարի փոխարժեքի լուրջ վայրիվերումներ եղան, մինչդեռ Հայաստանում այն տատանվում էր 300-ից 305 դրամի սահմաններում: Դա տնտեսագիտական տեսանկյունից նոնսենս է, եւ արհեստականորեն պահել դրամի կուրսը, որպեսզի ինֆլյացիա չլինի` կարծում եմ անարդյուանվետ է: Իրավիճակը հաջորդ տարի ավելի է բարդանալու, եւ եթե կառավարությունը փորձի արհեստականորեն պահել դրամի փոխարժեքը, ապա հետագայում մենք ավելի մեծ պայթյունի վտանգի առաջ կկանգնենք, երբ դոլարի եւ դրամի գները սկսեն կտրուկ տատանվել»,-ասաց նա:
Անդրանիկ Թեւանյանը նաեւ կանխատեսեց, որ դոլարի գինը կշարունակի աճել նաեւ այս տարի, քանի որ արդեն նկատելի է դոլարի հոսքի նվազում:
Ինչ վերաբերում է խնայողություններին, ապա տնտեսագետը խորհուրդ է տալիս ունենալ այսպես կոչված «տարադրամային զամբյուղներ» եւ պահել ԱՄՆ դոլար, եվրո, բրիտանական ֆունտ ստեռլինգ:
«Կխուսափեի ասել` դրամ եւ ռուսական ռուբլի: Վերջինիս արժեզրկման մասին Ռուսաստանում արդեն պաշտոնապես հայտարարվել է: Իսկ ընդհանրապես, նման ճգնաժամերի դեպքում խնայողությունները պետք է պահել ոսկու տեսքով»,-կարծում է տնտեսագետը: