Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՅՈՒՂԱՑԻՆ ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ԿԻՄԱՆԱ ԳՆԵՐԸ

Տնտեսություն


Հայաստանում ստեղծվել է գյուղատնտեսության առաջին շուկայական տեղեկատվության համակարգը: Դեկտեմբերի 17-ին մեկնարկելու է Հայաստանում առաջին շուկայական տեղեկատվության համակարգը, որը ֆինանսավորվում է Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստանի «Ջրից դեպի շուկա» ծրագրի կողմից:


«Շուկայական տեղեկատվության համակարգը ստեղծելու նպատակն է ֆերմերներին, սննդի արտադրության եւ մարկետինգի շղթայի մյուս մասնակիցներին ժամանակին ապահովել մրգերի եւ բանջարեղենների շուկայական գների մասին տեղեկությամբ: Լավ վերլուծության ենթարկված շուկայական տեղեկատվությունը հնարավորություն կարող է տալ նրանց ցանքի, ներառյալ նոր մշակաբույսերի պահանջարկի վերաբերյալ ճիշտ որոշումներ ընդունել»,- նշում է «Ջրից դեպի շուկա» ծրագրի ղեկավար պարոն Ռիչարդ Հարլբրինկը:


Օգտագործելով շուկայական այս տեղեկատվությունը` ֆերմերները հնարավորություն են ձեռք բերում համագործակցելու վաճառողների հետ ավելի շահավետ դիրքերից: Համակարգը նպատակ ունի օգնել նաեւ տարբեր արդյունաբերական սեկտորների ներկայացուցիչներին, ինչպիսիք են վերամշակողները, մեծածախ ու մանրածախ առեւտրով զբաղվողները, հյուրանոցների եւ ռեստորանների աշխատողները, ճիշտ պլանավորել իրենց ծախսերը:


Համակարգը, որը գործելու է ինտերնետի եւ բջջային հեռախոսի միջոցով, կարող է տրամադրել նաեւ տեղեկություն որակի, հետբերքահավաքային տեխնոլոգիաների, արդյունաբերական նորությունների եւ այլնի մասին: