Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՆԱԻՐԻՏԻ» ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ` ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՐԱՊՈՒՐԴՈՒՄ

Տնտեսություն


Ինչպե՞ս է ազդում համաշխարհային տնտեսական ճգնաժամը «Նաիրիտ» գործարանի գործունեության եւ արտադրանքի ծավալների վրա:


«Նոյեմբերի սկզբին, միջազգային ֆինանսական ճգնաժամի հետեւանքով կրճատվել է նաեւ քլորոպրենային կաուչուկի սպառման շուկան: Գործարանն աշխատում է միայն պատվերներով եւ պատվերների կրճատման պատճառով տեխնոլոգիական (տեխնիկական) կանգառ է վերցրել մինչեւ 2009 թվականի փետրվարի 1-ը,- «Ա1+»-ի հարցին պատասխանելով` ասաց գործարանի մամլո քարտուղար Անուշ Հարությունյանը,-Իսկ այս պահին ընկերության աշխատակիցների մի մասը ժամանակավոր պարապուրդի կանցնի»:


Ճգնաժամի արդյունքում ամբողջ աշխարհում ընկել են էներգակիրների գները: Դա, գործարանի տնօրենի անունից մեր հարցերին պատասխանող մամլո քարտուղարի, իր անդրադարձը կունենա նաեւ Հայաստանում` ազդելով սակագների վրա:


«Այնպես, որ մեր գործարանում դրական տեղաշարժեր անպայման կլինեն»,-ասաց նա` նկատելով, որ, իհարկե, միջազգային տնտեսական ճգնաժամը նաեւ իր բացասական ազդեցությունն է ունեցել ընկերության վրա:


««Նաիրիտում» իրականացվում է առաջնային հումքի խորը վերամշակում եւ, ի տարբերություն այլ տեղական արտադրությունների, մենք ամբողջությամբ ինտեգրված ենք Եվրոպական տնտեսության հետ»: «Նաիրիտի» համար հեռանկարները միամգամայն հուսադրող են, քանի որ միջազգային տնտեսական ճգնաժամը, այսպես թե այնպես, կավարտվի, «իսկ ճգնաժամի արդյունքում առավել կառողջանա արհեստականորեն ուռճացված երկրորդական ֆինանսական գործիքների շուկան, տեղի կունենա ազգային արժույթի վերաարժեքավորում, ինչը կնպաստի տնտեսության վերականգմանը եւ հզորությունների հետզհետե ավելացմանը»,-ասաց նա:


Ընդհանրապես, մինչեւ տնտեսական ճգնաժամը, «Նաիրիտ» գործարանն աշխատում էր Խորհրդային միության շրջանում գործարանի հզորությունների 15%-ի չափով:


«Իսկ վերջին 15 տարիների աշխատանքի տեսանկյունից` գործարանի արտադրական հզորությունները գերազանցում են դրվածքային հզորության 70%-ը` նկատի ունենալով քլորոպրենային կաուչուկի արտադրության տարեկան 10 հազար տոննա ծավալը»,- պատասխանելով «Ա1+»-ի հարցին` ասաց Անուշ Հարությունյանը:


«Նաիրիտ Գործարան» ՓԲԸ այսօր արտադրում է 15 ապրանքատեսակ` քլորոպրենային կաուչուկ, քլորակիր, չհանգած կիր, կաուստիկ սոդա, թթվածին — այլն: 2007թ. քլորոպրենային կաուչուկի 99,86%-ն արտահանվել է, իսկ 0,14%-ն իրացվել է Հայաստանում: 2008թ. 10 ամիսներին արտահանվել է կաուչուկի 99,9%-ը — միայն 0,1%-ն է իրացվել Հայաստանում: Ի դեպ, այս տարի արտահանման հետ կապված որոշակի խնդիրներ են առաջացել. տարվա սկզբին, հունվար-փետրվար ամիսներին, աննախադեպ բնակլիմայական պայմանների պատճառով, մոտ 40 օր փակ մնաց Հայաստան-Իրան ավտոմայրուղին, որի հետեւանքով առաջացան հումքի առաքման լուրջ խնդիրներ:


Բացի այդ, ԻԻՀ-ում փոխվեց արտաքին առեւտուրը կարգավորող օրենսդրությունը, ինչն էլ լրացուցիչ խնդիրներ առաջացրեց` կապված փաստաթղթային ձեւակերպումների հետ: Վրաց-ռուսական օգոստոսյան հակամարտությունը նույնպես խնդիրներ առաջացրեց` կապված այլընտրանքային տրանսպորտային ճանապարհների բացակայության հետ եւ, իհարկե, միջազգային ֆինանսական ճգնաժամը, որը չի կարող իր բացասական ազդեցությունը չթողնել միայն պատվերներով աշխատող ընկերության արտահանման ծավալների վրա:


2008թ. նույեմբերի 1-ի դրությամբ ընկերությունում աշխատում է 2742 մարդ:


Ընկերությունում ամսական միջին աշխատավարձը կազմել է 130,9 հազար դրամ: Աշխատավարձի պարտքը կազմում է մոտ 100 մլն դրամ (աշխատավարձի ամսական (հոկտեմբերի) ֆոնդի 29%-ը): Պարտքի առաջացումը պայմանավորված է ընկերության հասույթների ստացման ուշացումով: Առաջացած պարտքերը կմարվեն ընթացիկ ամսվա (նոյեմբերի) աշխատավարձի հետ միասին` մինչեւ դեկտեմբերի 20-ը: