Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

6,8 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ՀԱՅՏԸ ԿԸՆԴՈՒՆՎԻ՞

Տնտեսություն


«Հազարամյանի մարտահրավերներ հիմնադրամ- Հայաստան»-ի ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Հովսեփյանն ակնկալում է, որ ՀՄԿ ներկայացրած 6, 8 մլն ԱՄՆ դոլարի նոր` 10-րդ հայտը կընդունվի, չի մերժվի:

«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի տնօրենների խորհուրդը որոշել է, որ Հայաստանում գյուղական ճանապարհների վերականգնման եւ ոռոգման ցանցի բարելավման համար «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամին 6 միլիոն 811 հազար 305 դոլարի գումար հատկացնելու հարցը կրկին քննության կառնվի 2009 թվականի մարտին:

Դեկտեմբերի 10-ին Հայաստանի վարչապետի մասնակցությամբ տեղի էր ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի խորհրդի նիստ, որի ժամանակ վավերացվել էր 2009 թվականի առաջին եռամսյակում իրականացվելիք ծրագրերի համար «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային ներկայացվող 10-րդ հատկացման հայտը:

«Մենք ակնկալում ենք եւ բավականին դրական լիցքեր ունենք, որ հայտը կընդունվի ի տարբերություն նախորդ` 9-րդ հայտի»,- հայտարարեց Արա Հովսեփյանը` նկատի ունենալով կորպորացիայի կողմից գարնանը 7 մլն ԱՄՆ դոլարի հայտի մերժմանը:

Հիշեցնենք, որ այս գումարը տրամադրվելու էր 273 կմ գյուղական ճանապարհների վերականգմանը: ՀՄԿ-ն մերժել էր գումարի տրամադրումը` կապված ՀՀ նախագահական ընտրությունների իրականացմամբ եւ հետընտրական իրավիճակով` արտակարգ իրավիճակի պարտադրում, զանգվածային ձերբակալումներ, հավաքների եւ մամուլի ազատության սահմանափակումներ:

Ի պատասխան այս որոշման` ՀՀ կառավարությունն իր ռեսուրսներից 16,8 մլն ԱՄՆ դոլար տրամադրեց, որպեսզի ճանապարհների շինարարական աշխատանքները շարունակվեն: «Միայն ՀՀ Կառավարության տրամադրած այս գումարի սպառումից հետո կխոսենք մերժված այդ 7 մլն ԱՄՆ դոլարի մասին: Մենք 16,8 մլն-ն դեռ չենք սպառել: Գյուղական ճանապարհի աշխատանքները սեպտեմբերից են ընթացել եւ հիմա դադարեցվել են` եղանակային պայմաններից ելնելով: Գարնանը կանդրադառնանք այդ խնդրին»,- հայտարարեց Արա Հովսեփյանը:

Նա տեղեկացրեց նաեւ, որ իրենց նոր հայտն այժմ քննարկվում է եւ մոտ մեկ շաբաթ կտեւի` մինչեւ կորպորացիան այն տեխնիկապես կուսումնասիրի:

ՀՄԿ Հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Ալեքս Ռասինը ՀՀ Կառավարությանն ուղղած իր նամակում մասնավորապես նշել է, որ «Հայաստանում ժողովրդավարության հետ կապված դեռ խնդիր կա, բայց դա չի նշանակում, որ այդ` 7 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորման խնդրանքը մերժվել է»: Իսկ ինչ վերաբերում է` նոր` 6,8 մլն ԱՄՆ դոլարին, ապա Ռասինը հավելել է, որ 2009թ. առաջին եռամսյակի համար նախատեսված այդ գումարը «դեռ քննարկման մեջ է եւ ամենայն հավանականությամբ կհաստատվի, ինչպես հաստատվել են նախկին այսպիսի հայտերը»:

ՀՄԿ-ն ակնկալում է, որ ՀՀ Կառավարությունը կկատարի իր խոստումները ժողովրդավարության բարելավման առումով եւ Հայաստանի հետ հետագա համագործակցության հարցը կքննարկի մարտին կայանալիք հանդիպման ժամանակ: