ԿՐԿԻՆ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ
Աջակցիր «Ա1+»-ին
Թեեւ մինչեւ Ամանոր դեռ 10 օրից ավել ժամանակ կա, բայց գները սկսել են շաբաթ առ շաբաթ բարձրանալ:
Եթե անցյալ շաբաթ տավարի փափուկ միսը մեր համաքաղաքացիները կարող էին ձեռք բերել 1700-ից 1800 դրամով, ապա հիմա այդ միսը վաճառվում է 1900-ից 2000 դրամով: Որոշ տեղերում այն հասնում է մինչեւ 2500 դրամի:
Ամանորի սեղանին մեծ պահանջարկ ունեցող խոզի բդի 1 կգ էլ արդեն վաճառվում է 3500-ից մինչեւ 3700 դրամով, թեեւ երկու շաբաթ առաջ խոզի բդի 1 կգ վաճառվում էր 2700-ից 3000 դրամով: Վաճառողները ասում են, որ կշահի նա, ով նախօրոք գնի, քանի որ ինչքան Ամանորը մոտենում է, այնքան բդի գինը կբարձրանա` հասնելով 5000 դրամի:
Խոզի թիակի 1 կգ-ն էլ հիմա վաճառվում է 2500 դրամով` չնայած նախկինում այն վաճառվում է 1700-ից 2000դրամով:
«Անասնապահը մեզ բարձր գնով է բերում ու միսը տալիս, մենք էլ գինը բարձրացնում ենք»- ասում են նրանք:
«Առեք, հիմա առեք, թե չէ հետո չեք կարողանալու, հիմա առնելու դեպքում շահելու եք եւ այդ գումարով կարող եք նաեւ այլ մթերք ձեռք բերել»,- գնորդներին խորհուրդ էին տալիս մսավաճառները:
Թանկացել են նաեւ բաստուրման եւ սուջուխը: Երկու օր առաջ 2500 դրամով վաճառվող բաստուրման եւ սուջուխը հիմա մեր համաքաղաքացիները կարող են ձեռք բերել 2700-ից 2800 դրամով: Նշենք, որ դրանք պատրաստված են ոչ թարմ մսից:Իսկ թարմ մսից պատրաստված բաստուրմայի եւ սուջուխի 1կգ վաճառվում է 4000-ից 4500 դրամով:
100-ից 200 դրամով բարձրացել են նաեւ մրգերի գները: