Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԻՑ ՄՆԱՑ ԲԻԲԱՐԸ, ԱՅԾԻ ՊԱՆԻՐԸ, ԹԹՈՒՆ»

Տնտեսություն


«Հայաստանի տնտեսությունը ձեռքից գնում է»,- այսօր ՀԱԿ-ի համաժողովում ասաց տնտեսագետ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը: Նա վստահեցրեց, որ այսօր, քան երբեւէ մենք պետք է վստահենք մեր ներքին ռեսուրսներին, քանի որ ամբողջ աշխարհն է այդպես վարվում:


Նրա կարծիքով` ՀՀ իշխանություններն այստեղ Էլ են առաջնորդվում «Մերն ուրիշ է» կամ «Մենք ուրիշ ենք» սկզբունքով. «Գործնական քայլեր անելու փոխարեն իշխանությունները մեզ առաջարկեցին չխոսել, լռել, իսկ հետագայում երբ լռելն արդեն անհնարին էր` մեզ առաջարկեցին միանգամից դարակազմիկ դարձած բիբարը, այծի պանիրը, թթուն Հայաստանի բրենդ դարձնելու գաղափարը»:


Վահագն Խաչատրյանը տնտեսական ոլորտում առանձնացրեց իշխանությունների եւս մեկ գաղափար` այն համարելով գիտաֆանտաստիկայի ոլորտից.«Խոսքը` Մեղրի-Բաթումի ճանապարհի, Իրան-Հայաստան երկաթուղու եւ նոր ատոմակայանի շինարարության մասին է»:


«Տպավորությունն այնպիսին է, որ իշխանությունները սպասում են հրաշքի»,-ասաց նա:


Խաչատրյանը հիշեցրեց, որ նման մի հրաշքի մենք ականատես ենք եղել վերջին 5-6 տարիների ընթացքում.


«Երբ ՀՀ մուտք գործող տրանսֆերտները աճում էին տարեկան 30 տոկոսով, իսկ ՀՀ-ից արտահանվող հումքի, մասնավորապես` պղնձի ու մոլիբդենի միջին գները աճում էին ավելի քան 2-3 անգամ: Ակնհայտ է, որ այդ տարիների տնտեսական երկնիշ թվերով տնտեսական աճը պայմանավորված է եղել հիմնականում հենց այս գործոններով: Դրա փոխարեն աճի ոչ մի ներքին ռեսուրս այդպես էլ չօգտագործվեց: Ավելին` երկրում խորը արմատներ գցած կոռուպցիան ավելի ընդգրկուն դարձավ` իր մեջ ներառելով, թե ամբողջ տնտեսությունը, թե հասարակական կյանքի բոլոր բնագավառները»:


Ինչ վերաբերում է միջին եւ փոքր տնտեսվարողներին, ապա Խաչատրյանը հիշեցրեց, որ նրանք դարձան հարկային մարմինների վարչարարության եւ ռեպրեսիաների թիրախ.


«Երկրի տնտեսությունը, տնտեսական անվտանգությունը դարձան խոցելի արտաքին փոփոխությունների նկատմամբ»:


Ըստ Վահագն Խաչատրյանի` այսօր եկել է փորձության ժամանակը եւ 1-2 ամսից տնտեսական ճգնաժամը իրենց մաշկի վրա են զգալու ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը: Նա նաեւ վստահ է, որ այդ մասին շատ լավ տեղյակ են նաեւ իշխանությունները. «Այս համակարգը այնքան փտած է, որ ի վիճակի չէ որեւէ գործնական, արդյունավետ քայլ կատարել, քանի որ դա առաջին հերթին նշանակում է երկրում վերականգնել ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, սեփականության իրավունքը, բիզնես միջավայրը: Իսկ դա իրենց վերջն է»:


Խոսելով 2009թ. պետական բյուջեի մասին` նա նախ ընդգծեց, որ այն կազմվել է նախքան միջազգային տնտեսական ճգնաժամը. «Մարդկային նորմալ տրամաբանությունը հուշում էր, որ ճգնաժամի ի հայտ գալու հետ բյուջեն փոփոխությունների պետք է ենթարկվեր, սակայն տեղի ունեցավ այլ բան` բյուջեն մնաց նույնը: Բյուջեի ծախսային մասը չի արձագանքել այն բոլոր ծրագրերին, որոնց մասին ամեն օր բոլոր իշխանական լրատվամիջոցները խոսում են»:


Խաչատրյանը նաեւ նշեց, որ շատ փոքր տոկոս են կազմում ներդրումային հատկացումները, որոնց գոյությունը կարող էր մեղմել ճգնաժամի ազդեցությունը առանձին բնագավառներում»:


Տնտեսագետը գտնում է, որ երկրում ստեղծված իրավիճակը պահանջում է արտակարգ քայլեր. «Առաջին` փոքր եւ միջին բիզնեսին հնարավոր մաքսիմում աջակցություն, երկրորդ` հարկային եւ վարչարարական ճնշումների թուլացում. դադարեցնել ամեն գնով հարկեր հավաքելու արատավոր պրակտիկան, երրորդ` կրճատել պետական տարբեր նպատակներով ստուգումնները, չորրորդ` մենաշնորհների վերացում, հինգերորդ` աջակցել բանկային համակարգին եւ դրա սեկտորին, հատկապես փոքր եւ միջին բիզնեսին: Այս ամենը չի կատարվել ու երբ նայում ես բյուջեին, հասկանում ես, որ իշխանությունը որեւէ ծրագիր չի կարող ներկայացնել»: Այս իրավիճակում նա անիմաստ է համարում Տիգրան Սարգսյանի եւ կառավարության կողմից տարբեր երկրներից փող խնդրելը.«Դրա փոխարեն նրանք մեկ բան պետք է անեն` ներքին ռեսուրսներ գտնեն, ինչը նշանակում է, որ իշխանությունները պետք իրենց գրպանի պարունակությունը ներդնեն երկիրը փրկելու համար»:


Ստեղծված իրավիճակի միակ եւ իրատեսական ելքը Վահագն Խաչատրյանը համարում է նախագահի եւ խորհրդարանի արտահերթ ընտրությունները:


«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՀՀ-ՈՒՄ ԴԱԺԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ»


«ՀՀ-ում համախառն ներքին արդյունքի 55 տոկոսը կենտրոնացված է 40 ընտանիքի ձեռքերում: Դեռեւս 1 տարի առաջ այդ թիվը 50 տոկոս էր: Նրանցից որեւէ մեկը բարձր տեխնոլոգիաններ, տարածաշրջանային բրենդ կամ նորույթ չի ստեղծել: Բոլորն էլ աշխատել են կամ պետությունից շատ էժան ակցիզներ ձեռք բերելու, վերավաճառելու, կամ մենաշնորհներ ծավալելու միջոցով: Այս մարդիկ մասնագիտացել են բնակչությանը այնպիսի ծառայություններ մատւցելու մեջ, ինչպիսիք են բնակչությունից հավաքել դրսից եկած գումարները եւ արտահանել երկրից դուրս»,- այս տվյալները պատկանում են նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին:


Նրա տվյալներով, այսօր ՀՀ-ից արտահանումը կազմում է 1 միլիարդ դոլար: Սրանք, այսօր ՀԱԿ-ի համաժողովում հնչեցրած նրա միակ հետաքրքիր բացահայտումները չեն: Մինչ ՀՀ-ին անդրադառնալը` նա խոսեց միջազգային ճգնաժամի մասին: Բանկերի պատշաճ վերահսկողության բացակայությունը, արժեթղթերի շուկայի ուռճացումը եւ տնտեսության իրական եւ ֆինանսական հատվածիների միջեւ ներդաշնակության բացակայությունը` ըստ նախկին վարչապետի, դարձրեց տնտեսությունը բանկային տեռորի զոհ:


Հրանտ Բագրատյանը հայտարարեց.«Որքան էլ ՌԴ վարչապետը մեծ-մեծ խոսի, հենց ՌԴ-ն է եղել Իրաքի պատերազմի հիմնական ֆինասավորողը` գնելով ամերիկյան արժեթղթերը: Սա բացարձակ ճշմարտություն է»:


Ինչ վերաբերում է ՀՀ-ում միջազգային ճգնաժամի ազդեցությանը, ապա Բագրատյանը վստահեցրեց, որ ՀՀ-ում այն առանձնապես դաժան դրսեւրումներ է ունենալու: Իսկ թե ինչո՞ւ` Բագրատյանը հիմնավորեց մի քանի կետերով.«Քաղաքական թույլ համակարգ, կենսունակ որոշումներ կայացնելու անընդունակություն, սեփականության եւ իշխանության միաձուլում, պետական կառավարման եւ գործարարության սերտաաճում եւ կոռուպցիա: Բոլոր նախարարները, ԱԺ բոլոր պատգամավորները խոշոր գործարարներ են»:


Շարունակելով թվարկել ՀՀ-ում ճգնաժամի հնարավոր դրսեւորումների պատճառները` Բագրատյանն ասաց.«Համախառն արտաքին պարտքը շուրջ 3 ու կես միլիարդ դոլար է: Սարսափելին ոչ միայն դրա չափերն են, այլ այդ աճի բարձր տեմպերը: Միայն մեր երկրի բանկային պարտքը այս տարի ավելացել է 7 անգամ: Կապիտալի մեծ կենտրոնացում կա եւ ապակենտրոնացման հնարավորությունների բացակայություն»:


Բագրատյանը վստահ է, որ ՀՀ-ում տնտեսական ճգնաժամը գալու էր անկախ` միջազգային տնտեսական ճգնաժամից:


«ԻՐԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԿՏԵՍՆԵՆՔ ՄԱՐՏ ԱՄՍԻՆ»


Վերջին 10 -ամյակների ընթացքում ՀՀ տնտեսական կյանքի ամենաէական տեղաշարժը ՀՀ ԿԲ նախկին տնօրեն Բագրատ Ասատրյանը համարում է տնտեսական քաղաքականության դերի նսեմացումը: «Փոխարինելու եկան առանձին միջոցառումներ, որոնք իրենց էությամբ կոռուպցիոն հիմքի վրա են: Գործող պետական կառույցներին զուգահեռ ստեղծվում էին կառույցներ, որոնք ստվերային էին: Խոսքը` մասնավորապես շինարարության մասին է»:


Բագրատ Ասատրյանը նշեց, որ ՀՀ-ում շինարարությունը մեր տնտեսության աճի զգալի մասն է.


«Վերջին 4-5 տարիների ընթացքում սպասարկման ոլորտին եւ շինարարությանը բաժին է ընկնում տնտեսական աճի 300 տոկոսը: Թե ինչպես է ՀՀ-ում իրականացվում այդ շինարարությունը, բոլորս տեսել ենք: Աշխատում են շատ պարզ կոռուպցիոն սխեմաներ. պաշտոնյաները կամ իրենց հովանու տակ գտնվողները, կամ էլ մեր հայրենակիցները, որոնք ծանոթ են մեր երկրի կոռուպցիոն համակարգին եւ խնդիր չեն ունենում»:


Նա ինքն իր համար պարզել է, թե ՀՀ-ում տարեկան քանի տուն է կառուցվում.


«Վերջին 3 տարիների ընթացքում միջին տարեկան թիվը կառուցված տների, բնակարանների կազմում է 1500: Այսինքն, եթե ծավալի վերածենք, եւ փորձենք պարզել, թե քանի տարի է պետք ՀՀ-ում բնակարանային ֆոնդը վերարտադրելու համար, ապա կստացվի` անհրաժեշտ է 200 տարի: Եթե քանակի վերածենք, հայտնի է` ՀՀ-ում մոտավորապես 600 հազար տուն-բնակարան կա, ապա անհրաժեշտ կլինի 400 տարի` պարզ վերարտադրությունն ապահովելու համար»:


Նրա կարծիքով` նույն վիճակն է նաեւ այլ ոլորտներում: Նա ընդգծեց, որ 2008թ.-ին մեր տնտեսության վրա առաջին հերթին ազդել են կեղծված ընտրությունները, դրան հաջորդած բռնությունները եւ իհարկե` մարտի 1-ի սպանդը:


Նա խոսեց նաեւ այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում երկրի` միջազգային պահուստային ֆոնդի կրճատումներից.


«Դա ուղղակի պետք է համարել իշխանությունների անխելքության հետեւանք»:


Նա իր պարտքը համարեց խոսել նաեւ 2 կարեւոր թվերի մասին. «Այս տարվա հոկտեմբերին` նախորդ տարվա համեմատ արդեն նկատվեց մեր երկրի ՀՆԱ-ի անկում 9 տոկոսով:


Վիճակը ավելի խորացավ եւ սարսափելի չափերի հասավ արդեն նոյեմբերին: Ըստ պաշտոնական տվյալների` նոյեմբերին մեր տնտեսության ծավալները կրճատվել են 30 տոկոսով: Նման երեւույթ մենք չենք ունեցել մութ ու ցուրտ տարիներից ` 1994թ.-ից հետո»:


Ամփոփելով 2008թ.` Բագրատ Ասատրյանն ասաց. «2008թ.-ն իր արդյունքներով լինելու է մի տարի, որտեղ չնչին աճ ենք ունենալու. 0-ական աճ շինարարության բնագավառում, արդյունաբերության մեջ անկում եւ այլն: Ընդ որում, սա դեռ ճգնաժամի առաջին ալիքն է, իսկ ճգնաժամի իրական դրսեւորումները տեսնելու ենք մարտ ամսին»: