Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ»

Մարզեր


Այսօր Վանաձորում Լոռու մարզի Միգրացիայի ռեսուրս կենտրոնը եւ Եվրասիա համագործակցության հիմնադրամը կազմակերպել էին գործարար ցուցահանդես «Աշխատանքային խաչմերուկ» վերտառությամբ: Այսպիսի ցուցահանդեսը Լոռու մարզում կազմակերպվում է առաջին անգամ: Մասնակցության հրավեր էին ստացել Վանաձորի 25 կազմակերպություններ, որոնցից սակայն մասնակցեցին տարբեր ոլորտների 8 կազմակերպություն:


Գործատուների սակավությունը Միգրացիայի ռեսուրս կենտրոնի ղեկավար Համլետ Գասպարյանը բացատրեց այսպես. «Քանի որ նման միջոցառում առաջին անգամ է մեր մարզում կազմակերպվում, մարդիկ դեռ լավ չեն ընկալում ինչ է սա իրենից ներկայայացնում»: Գործընկերների սակավությունից դժգոհ էին նաեւ ներկա գործատուները. «Ինչքան շատ լինեն մասնակիցները, այնքան հետաքրքրությունն ավելի մեծ կլինի»,-ասում է «Էլեկտրոն»ԲԲԸ-ի ներկայացուցիչ Ատոմ Հովակիմյանը:


Մեծ թիվ չէին կազմում նաեւ աշխատանք փնտրողները: Ատոմ Հովակիմյանի կարծիքով պատճառներից մեկն էլ կարող է լինել իրազեկության պակասը:


Նշենք, որ ներկա կազմակերպությունների ներկայացրած աշխատատեղերն էլ շատ չէին: Հայաստանի պետական ագրարային համալսարանն օրինակ, ներկայացրել էր 1-ական դասախոսի, բակապանի եւ վարորդի հաստիքներ: «Պրոկրեդիտ» բանկը ներկայացնում էր իր ծառայությունները եւ ներկա պահին թափուր աշխատատեղեր չուներ: «Էլեկտրոն»ԲԲԸ-ի թափուր աշխատատեղերն էլ պատկանում էին Հայաստանում , մասնավորապես Լոռու մարզում պահանջվող ու «չճարվող »մասնագիտությունների շարքին. խառատ, ֆրեզերագործ, փականագործ, եռակցող:


Ներկայացված թափուր աշխատատեղերը կարդալով, այցելուներից մեկը՝ 48-ամյա Աշոտ Հովհաննիսյանն ասաց. «Երեկ այս նույն աշխատատեղերն եմ կարդացել Վանաձորի զբաղվածության կենտրոնում: Լավ կլիներ, որ գործատուների թիվը մեծ լիներ եւ ներկայացվեին նոր ու մեծ թվով աշխատատեղեր»: Ներկայացված աշխատատեղերի ցանկում Աշոտը փնտրել ու չէր գտել հարմար ոչինչ, թեեւ պատրաստ էր աշխատել նաեւ որպես պահակ կամ տնտեսվար:


Իսկ մասնագիտությամբ տնտեսագետ 20-ամյա Արփինե Ասլանյանն էլ մի քանի կազմակերպություններում ներկայացրել էր իր CV-n` հույսով, որ գուցե հետագայում ինչ-որ տեղից աշխատանքի առաջարկ լինի: «Նման գործազրկության պայմաններում սա ամեն դեպքում շանս է, եւ եթե կա գոնե 1 տոկոսի հնարավորություն, պետք է օգտագործել»,- համոզված է նա:


Համլետ Գասպարյանի տեղեկացմամբ առաջիկայում նման հանդիպումները պարբերաբար բնույթ են կրելու, եւ արվելու է ամեն ինչ, առավել մեծ թվով գործատուներ ներգրավելու համար, ինչպես նաեւ հասարակությանն իրազեկելու ուղղությամբ: Նմանատիպ երկրոդ հանդիպումը նախատեսվում է մարտ-ապրիլ ամիսներին:


Գայանե Սարգսյան


Վանաձոր