Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԲՋՆԻՆ» ԿՐԿԻՆ ԿԲՈՂՈՔԱՐԿԻ

Տնտեսություն


Հունվարի 23-ին Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Բջնի» Հանքային ջրերի գործարան»-ը վերստին կդրվի էլեկտրոնային աճուրդի:


Հյուսիսային դատարանի դեկտեմբերի 30-ի վճռով «Բջնի» Հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործի լսումն ավարտվել է, սակայն ընկերությունը մինչեւ հիմա դատարանի որոշումը չի ստացել: Այդ մասին «Ա1+»-ին ասաց ընկերության իրավաբան Արա Զոհրաբյանը:


Ըստ նրա` դատարանը որոշել է սնանկ ճանաչելու դիմումը մերժել, սակայն, քանի որ իրենք դեռ չեն ստացել այն, ապա տեղյակ չեն` ինչ է բովանդակությունը եւ ինչ հիմքով Է ԴԱՀԿԾ-ն որոշել` գործարանը վերստին դնել աճուրդի. «Բովանդակությանը ծանոթ չենք, չգիտենք, թե ի՞նչն է գնահատվել, որքանո՞վ է գնահատվել, ի՞նչ մեթոդներով է գնահատվել»:


Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին ԴԱՀԿ ծառայությունում մուտքագրվել էր Հյուսիսային քաղացիական դատարանի գրությունը, համաձայն որի «Սատուրն շինմորտաժ» ՍՊԸ-ի կողմից հայց էր ներկայացվել «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու վերաբերյալ: Հայցը ընդունվել էր վարույթ եւ նշանակվել էր սնանկության ժամանակավոր կառավարիչ: Հիմք ընդունելով այդ` հարկադիր կատարողը կասեցրել էր «Բջնի» Հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ին վերաբերվող կատարողական վարույթները եւ դադարեցրել արդեն մի քանի օր մեկնարկած աճուրդը:


Հունվարի 9-ին Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ՀՀ Հյուսիսային քաղացիական դատարանից ստացել է գրություն, ըստ որի դատարանի 30.12.2008 թ. վճռով «Բջնի» Հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործն ավարտվել է:


Ըստ այդմ, ըստ ԴԱՀԿԱԾ մամլո քարտուղարի, ԴԱՀԿ ծառայության Կոտայքի մարզային բաժնում վերսկսվել են «Բջնի» Հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ին վերաբերվող վարույթները:


Ի դեպ, Արա Զոհրաբյանը «Ա1+»-ին ասաց, որ պատրաստվում են բողոքարկել աճուրդի հետ կապված ԴԱՀԿԾ մի շարք գործողություններ: