ԲՋՆԻՆ ԿՐԿԻՆ ԱՃՈՒՐԴԻ Է ԴՐՎՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին
Այսօր Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը կրկին հարկադիր էլեկտրոնային աճուրդի է դնելու Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Բջնի» հանքային ջրերի գործարանի գույքն ու գույքային իրավունքները:
«Անի Փրինտ» ՍՊԸ հունվարի 14-ին դիմել էր Հյուսիսային քաղաքացիական դատարան` «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ն սնանկ ճանաչելու պահանջով, սակայն դատարանը այն վարույթ չէր ընդունել: Հյուսիսային քաղաքացիական դատարանի նախագահ Սուրեն Անտոնյանից «Ա1+»-ը փորձեց ճշտել մերժման հիմքը, մինչդեռ դատավորը պատասխանեց, թե ինքը օրենքով չի կարող որեւէ մեկնաբանություն տալ:
Այսպիսով, եթե Հյուսիսային քաղաքացիական դատարանը «Անի Փրինտ» ՍՊԸ-ի դիմումը վարույթ ընդուներ, ապա պետք է վերստին կասեցվեր էլեկտրոնային հարկադիր աճուրդը:
Հիշեցնենք, որ Հյուսիսային դատարանը դեկտեմբերի 30-ի որոշմամբ մերժել էր նաեւ «Սատուրն շինմորտաժ» ՍՊԸ-ի հայցը` «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու վերաբերյալ:
«Բացարձակ անօրինական որոշում է կայացրել դատարանը: Բնականաբար «Բջնի» ընկերությունը դրա հետ կապված բողոքի հարց չի կարող բարձրացնել, իսկ «Անի Փրինտը» ինչ կանի, չեմ կարող ասել, բայց հավանաբար կբողոքարկի»,- «Ա1+»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Բջնի ընկերության փաստաբան Արա Զոհրաբյանը: Նրա պնդմամբ` որոշումը անօրինական է, քանի որ դատարանը իր մերժումը պատճառաբանում է նրանով, թե ԴԱՀԿ-ի կողմից արգելանք է դրված, հետեւաբար Բջնի ընկերությունը չի կարող իր պարտավորությունները կատարել:
«Սնանկության մասին օրենքը դիմումի մերժման երկու հիմք է նախատեսում: Մեկը, երբ պարտապանի նկատմամբ առկա է անվճարունակ ճանաչելու մասին վճիռ, այսինքն` երբ Բջնի ընկերությունը վճռով ճանաչված լիներ անվճարունակ, երկրորդ` եթե սնանկ ճանաչելու պահանջի դիմումը բերել է այն անձի դեմ, ով օրենքի համաձայն չի կարող պարտապան հանդիսանալ: Բջնիի դեպքում երկուսն էլ բացակայում է»,- մեկնաբանեց նա:
«Բջնի հանքային ջրերի գործարան» ընկերության էլեկտրոնային աճուրդը կտեւի 10 օր: Աճուրդով վաճառքի է հանվում ընկերության «Բջնի» գյուղում գտնվող արտադրամասը, Չարենցավանի արտադրամասը` իր հոսքագծերով, նաեւ «Բջնի» եւ «Նոյ» ապրանքանիշների իրավունքը: ԴԱՀԿ ծառայությունը 6 միլիարդ 580 միլիոն դրամ (շուրջ 21,5 միլիոն դոլար) գնահատված գործարանի մեկնարկային գին էր սահմանել 4 միլիարդ 935 միլիոն դրամը:
Արա Զոհրաբյանի վստահեցմամբ, մի շարք դատական գործեր կան դատարաններում, որոնցով խնդրում են կասեցնել աճուրդի գործընթացը: Օրինակ` աճուրդը նշանակելու որոշումը վիճարկվում է վարչական դատարանում, իսկ դրանից առաջ վիճարկվում էր աճուրդի գործընթացի հետ կապված վարչական գործողությունները: «Մենք կարծում ենք, որ այդ պայմաններում աճուրդը չպետք է անցկացվեր, մինչեւ վեճի ավարտը»,- ասաց փաստաբանը: