Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԲՋՆԻՆ» ԱՌԱՅԺՄ ԳՆՈՐԴ ՉՈՒՆԻ

Տնտեսություն


10 օրվա ընթացքում որեւէ մեկը չի ցանկացել գնել «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ գույքն ու գույքային իրավունքները, որոնք Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից հարկադիր էլեկտրոնային աճուրդի են հանվել հունվարի 23-ից:


Այսօր ժամը 17:20-ին լրացավ «Բջնիի» աճուրդի վերջնաժամկետը, սակայն որեւէ մեկի կողմից առաջարկ չի եղել:


ԴԱՀԿ ծառայությունից «Ա1+»-ին հայտնեցին, որ առաջարկների բացակայության դեպքում` աճուրդը կհայտարարվի նորից, մինչեւ որ կհայտնվի գնորդ:


Հիշեցնենք, որ այս 10 օրերի ընթացքում «Բջնի» հանքային ջրերի գործարանի տնօրենը դիմում-բողոք է ներկայացրել Սերժ Սարգսյանին, վարչապետին, արդարադատության նախարարին, Հայաստանում աշխատող դեսպաններին եւ մի շարք այլ կառույցներին` խնդրելով նրանց օժանդակությունը գույքի անօրինական հարկադիր աճուրդը դադարեցնելու կապակցությամբ:


Աճուրդով վաճառքի է հանված ընկերության «Բջնի» գյուղում գտնվող արտադրամասը, Չարենցավանի արտադրամասը` իր հոսքագծերով, նաեւ «Բջնի» եւ «Նոյ» ապրանքանիշների իրավունքը:


ԴԱՀԿ ծառայությունը մեկնարկային գին է սահմանել 4 միլիարդ 935 միլիոն դրամ:


«Բջնիում» տեղյակ չեն, թե ընկերության գույքն ինչպես է գնահատվել:


«Ընկերության գույքը ներկայացվել է հարկադիր աճուրդի, իսկ Ընկերությունը տեղյակ չէ, թե իր կոնկրետ որ գույքն է աճուրդի ներկայացվել: ՀՀ-ում գործող օրենքները հարկադիր կատարման գործընթացը կարգավորում են թափանցիկ կերպով եւ պարտապանը տեղեկանում է իր նկատմամբ իրականացվող բոլոր գործողություններին, այլեւ գիտակցում է դրանց հետեւանքները: Մինչդեռ, Ընկերության նկատմամբ իրականացվածը հարիր չէ իրավական պետությանը, որպիսին հռչակված է ՀՀ-ն»,- ասված է գործարանի տնօրենի հայտարարության մեջ:


Ի դեպ, նշենք, որ «Բջնի» գործարանը եկամտի աղբյուր է 483 ընտանիքի համար, ովքեր այսօր մատնված են հարկադիր պարապուրդի: