Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԲՋՆԻԻ» ԳԻՆԸ ՆՎԱԶԵԼ Է

Տնտեսություն


Այսօր, ժամը 13-ին վերստին մեկնարկել է Սուքիասյան ընտանիքին պատկանող ««Բջնի» հանքային ջրեր» ընկերության գույքի եւ գույքային իրավունքների օտարման կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդը: Հունվարի 23-ին հայտարարված աճուրդը չէր կայացել գնորդ չլինելու պատճառով:


Կրկնաճուրդի մեկնարկային գին է սահմանվել 4 միլիարդ 441 միլիոն 358 հազար դրամը, որը 492 մլն 485 հազար 264 դրամով պակաս է չկայացած աճուրդի մեկնարկային գնից: Այն ժամանակ մեկնարկային գին էր սահմանված 4 միլիարդ 934 միլիոն 843 հազար 264 դրամը:


Ներկայումս մեկնարկային գինը նվազել է «Սակարկությունների մասին» ՀՀ օրենքի պահանջի համաձայն: «Եթե աճուրդը չի կայացել գնորդ չլինելու կամ լոտի մեկնարկային գնի հավելում չկատարելու հիմքերով, ապա հաջորդ հարկադիր աճուրդ կազմակերպելուց վաճառվող լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար սահմանված մեկնարկային գնի տասը տոկոսի չափով»,-ասված է օրենքում:


Ըստ ԴԱՀԿԱԾ մամլո քարտուղար Ռուբեն Գրդզելյանի` պահանջի գումարի չափը կազմում է 4 միլիարդ 355 միլիոն 972 հազար դրամ:


Մինչդեռ, ըստ «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի` պահանջի գումարին երբ գումարվում են նաեւ կատարողական վարույթի իրականացման հետ կապված ծախսերը եւ գույքի իրացումից ծագող անուղղակի հարկային պարտավորությունները, ապա այն արդեն կազմում է 5.096.362.450,9 դրամ:


Կա նաեւ մեկ այլ հանգամանք. ընկերության անշարժ գույքը գրավադրված է հօգուտ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի, եւ այս պահին ՀՀ Հյուսիսային քաղաքացիական դատարանի վարույթում է գտնվում «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի հայցն ընդդեմ Ընկերության: Հետեւաբար` «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի` 167.807.628 ՀՀ դրամի պարտավորությունն առաջնահերթ կատարելու պայմաններում աճուրդից առաջացող այդ չափով գումարը պետք է փոխանցվի գրավառուին:


Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Լաերտ Հարությունյանը ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին միջնորդել էր կասեցնել «Բջնիի» վերաբերյալ կատարողական վարույթը հենց այդ հիմքով` աճուրդով ներկայացվելիք մեկնարկային գինը ցածր է լինելու պահանջի չափից:


Օրենքը նման դեպքերում ասում է, որ հարկադիր կատարողը պարտավոր է անհապաղ կասեցնել կատարողական վարույթը եւ դիմել սնանկության պահանջով:


Այնուամենայնիվ, աճուրդը մեկնարկել է եւ այն, ինչպես հայտնեց ԴԱՀԿԱԾ մամլո քարտուղար Ռուբեն Գրդզելյանը, կտեւի 10 օր` մինչեւ փետրվարի 16-ը: