Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԳՈԼՈՐՇԻՆ ԿՈՒՏԱԿՎՈՒՄ Է ԵՎ ԱՅՆ ԴՈՒՐՍ ԳԱ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՏԵՍՔՈՎ»

Տնտեսություն


Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում չգիտես ինչ տրամաբանությամբ Հայաստանում նվազում է եվրոյի փոխարժեքը, փոխարենն` ամբողջ աշխարհում արժեզրկվող դոլարը մնում է կայուն: «Հայաստանում որեւէ պրոցես քննարկելիս անիմաստ է տրամաբանություն փնտրելն ու եզրակացություն անելը, որովհետեւ այստեղ աշխատում են զուտ սուբյեկտիվ գործոնները. ինչ-որ մեկը որոշել է, որ պետք է այսպես լինի»,- «Ա1+»-ին ասաց տնտեսագետ, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Ըստ նրա, նպատակադրված դոլարի փոխարժեքը պահում են 305 դրամի սահմանում, իսկ եվրոյի վրա արտացոլում են այն գործընթացները, որ առկա են միջագային շուկայում:


Իսկ ինչո՞ւ են որոշել դոլարի գինը կայուն պահել` մեր հարցին Բագրատ Ասատրյանը պատասխանեց. «Սահմանափակ մտածողության արդյունք է. ավանդաբար մեր տնտեսությունում արտարժույթը դոլարով էր արտահայտված, թեեւ մեր արտաքին առեւտրի զգալի մասը եվրոյով է արվում, ամեն դեպքում տրադիցիաները բավականին ուժեղ են»:


Կառավարությունն ու ԱԺ-ն առայժմ նպատակ չունեն բյուջեն վերանայելու, ինչո՞ւ չի արվում այն, ինչ բոլոր երկրները անհրաժեշտ են համարում:


«Առաջին, որովհետեւ համոզված են, որ բյուջեն կատարվելու է, երկրորդ, իրենց համար բյուջեն ոչ մի նշանակություն չունի` կկատարեն, թե չեն կատարի, ի՞նչ հետեւանք պիտի ունենա»,- ասաց Բագրատ Ասատրյանը: Իսկ սոցիալական պայթյուն` այս անբարենպաստ քաղաքական ֆոնի վրա, ըստ ԿԲ նախկին նախագահի, իհարկե հնարավոր է. «Այլ պայմաններում ես կասեի` ոչ, հայ ժողովուրդն այդպիսին չի, բայց այսօր այնպիսի նախադրյալներ կան, որ լրիվ հնարավոր են նման դեպքերի զարգացումը»:


90 -ականներին էլ կար սոցիալ-տնտեսական ճգնաժամ, բայց այն ժամանակ մարդիկ հաղթահարեցին, որովհետեւ, ըստ փորձագետների, ապասումներն ուրիշ էին, վստահության ռեսուրս կար, որը վատնվեց եւ վերաճեց իշխանության հանդեպ անվստահության, կար մեծ հավատ.«Ներկայումս չկա այդ ռեսուրը, կա անտարբերություն եւ զայրույթ, որը պայմանավորված է քաղաքական նախապայմաններով: Հիմա սոցիալականն ու անելանելիությունը միախառնվել են. այն ժամանակ ելքեր էին փնտրում եւ ելքերից մեկն էլ օրինակ` Ռուսաստան, արտերկիր մեկնելն էր: Այժմ Հայաստանը դառնում է մի փակ հատված, որտեղ գոլորշին կուտակվում է, եւ այդ վիճակում ելքերից մեկը, իհարկե, քաղաքական նորմալ զարգացումներն են` նորմալ ընտրությունների միջոցով իշխանափոխությունը: Մեր երկրում դա փակվեց. իշխանությունը ասաց, դա ելք չի, պետք է համակերպվեք մեր իշխանության հետ, գումարած անցած տարվա սպանդը, մի հատվածի ուղղակի գոյության մերժումը, հարյուրավոր մարդկանց բանտերում պահելը, սրանք այն գործոններն են, որ ծայրահեղ դրսեւորումների հող են նախապատարստում»,- «Ա1+»-ին ասաց Բագրատ Ասատրյանը: