Տղամարդ չի մնա
Աջակցիր «Ա1+»-ինՄեկ ամիս հետո Աշոցքի տարածաշրջանի Կարմրավան գյուղում գրեթե տղամարդ չի մնա: Ամեն գարնանամուտին նրանք մեկնում են արտագնա աշխատանքի` գյուղի դժվար աշխատանքը թողնելով կանանց ու տարեցներին:
Կարմրավանն ունի մոտ 270 բնակիչ եւ 60 տնտեսություն:
Կարմրավանցու հիմնական զբաղմունքն անասնապահությունն է, քանի որ հողագործությունից ստացված եկամուտը չի փոխհատուցում ներդրած ջանքերն ու ծախսերը:
՚Ոռոգման համակարգ ընդհանրապես չունենք, հնարավորություն էլ չկա ստեղծելու: Մեր տարածքները կլիմայի հույսին ենք թողնում. անձրեւ եկավ, լավ, չեկավ, բերք չենք ստանաՙ,-ասում է Կարմրավանի գյուղապետ Ֆելիքս Հարությունյանը:
Կարմրավանցին դժգոհ է նաեւ անասնապահությունից ստացած եկամտից: Պայմանագիր ունեն մի քանի գործարանների հետ, որոնք սակայն կաթը գնում են բավական ցածր գներով: Դրան գումարած ցածր է նաեւ կովերի կաթնատվությունը:
Գյուղում այլ եկամուտի աղբյուր չգտնելով` երիտասարդները մեկնում են արտագնա աշխատանքի:
Այլ պարագայում իրենք չեն կարողանա վճարել հողի հարկը եւ հոգալ տան ապրուստը:
՚Մինչեւ 94 թվականը փակել ենք, դրանից հետո չէ: Նախանցած տարվանից տոկոսներ են եկել, հարկեր են հավաքում: Թոշակառու մարդ եմ, 27 հազար թոշակիցս տասը հազար վերցնում են, մնում է 17 հազար, դրանով ութ անձից բաղկացած ընտանիքս մի կերպ պահում եմ: Հողի հարկերն ահավոր են, չենք կարող տալՙ,- դժգոհում են գյուղացիները:
Կլիմայական դժվարությունները սեփական մաշկի վրա զգում է նաեւ դպրոցահասակ կարմրավանցին: Գյուղի դպրոցն ութնամյա է, որն առաջիկայում վերածվելու է տարրականի: Չկան անհրաժեշտ մասնագետներ: Իսկ երեխաները պետք է ոտքով հասնեն հարեւան գյուղի դպրոց, որը դժվար է հատկապես ձմռան ամիսներին:
Մինչ կլուծվի այս հարցը, անհրաժեշտ է մտածել գյուղի դպրոցի ջեռուցման մասին: Դասասենյակները տաքացվում են վառարաններով, քանի որ ամբողջ գյուղը գազաֆիկացված չէ:
Գյումրիի ՚Ցայգՙ ՀԸ