Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՀ պատասխանը դոլարի փոխարժեքի բարձրացմանը

Տնտեսություն

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ տնօրեն Դոմինիկ Ստրաուս-Քանն այսօր արել է Հայաստանի վերաբերյալ հետեւյալ հայտարարությունը.

՚Շատ տարիների տնտեսական բարձր կատարողականից հետո` Հայաստանի վրա բացասաբար է անդրադարձել համաշխարհային տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամը: Ի պատասխան դրան` Հայաստանի իշխանությունները կազմել են կենսունակ եւ վստահելի տնտեսական ծրագիր` Հայաստանի արտաքին հեռանկարների վատթարացման, արժույթի եւ ֆինանսական համակարգի նկատմամբ վստահության վերականագնման եւ աղքատ խավի պաշտպանության խնդիրներին անդրադառնալու համար:

Հետեւաբար ես կառաջարկեմ, որ ԱՄՀ-ի Գործադիր խորհուրդը հաստատի 540 մլն. դոլար գումարով, 28-ամսյա պահուստային վարկավորման համաձայնագրի (Stand-By Arrangement) մասին դիմումը: Ակնկալվում է, որ Գործադիր խորհուրդն այս շաբաթվա վերջում նիստ կգումարի` ծրագիրը քննարկելու համար: Խորհրդի հաստատումից հետո Հայաստանը կկարողանա անմիջապես փոխառել շուրջ 239 մլն. ԱՄՆ դոլար:

ԱՄՀ-ի աշխատակիցների հետ խորհրդակցելով Հայաստանի իշխանությունների մշակած քաղաքականության համակողմանի փաթեթը ներառում է վերադարձը լողացող փոխարժեքի ռեժիմին (թույլ տալով, որ փոխարժեքը փոփոխվի շուկայի հիմնարար սկզբունքներին համապատասխան` արտաքին ցնցումներից տնտեսությունը պաշտպանելու եւ արտարժութային պահուստները պահպանելու նպատակով), ինչպես նաեւ դրամավարկային, հարկաբյուջետային եւ ֆինանսական ոլորտների օժանդակող քաղաքականություն եւ խիստ հասցեական կառուցվածքային բարեփոխումներ: Իշխանությունները նաեւ ձեռնարկում են տնտեսական անկումը չեզոքացնելու եւ աղքատ խավի վրա տնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեղմելու միջոցառումներ:

Իշխանությունների կողմից ձեռնարկվող վճռական միջոցառումները հիմնավորում են Հիմնադրամի միջոցների հասանելիության բացառիկ մակարդակը (որը համարժեք է Հայաստանի քվոտայի 400 տոկոսին) եւ արժանի են միջազգային հանրության օժանդակությանըՙ,- ասել է պրն. Ստրասուս-Քանը: