Դրամով ապրող մարդիկ կտուժեն
Աջակցիր «Ա1+»-ին՚Բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց կենսապահովման հարցերը լուծում էին դրամի միջոցով եւ ունեին դրամական հասույթներ, ակնհայտ է, որ հայտնվում են խոցելի վիճակումՙ,- դոլար-դրամային հարաբերություններում դոլարի գնի կտրուկ աճի հետեւանքն է ներկայացնում ԲՀԿ պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Նա բնական է համարում դոլարի գնի աճը: ՚Մինչեւ անգամ աշխարհի ամենաուժեղագույն արժույթի` ֆունտ ստերլինգի նկատմամբ նման փոփոխություն տեղի ունեցավ. անկախ ՀՀ-ից, սա պետք է տեղի ունենար, սա մի ճիշտ վիճակ է, անկախ նրանից` կլինի ընդունելի, թե ոչՙ,-՚Ա1+ՙ ասաց Վարդան Բոստանջյանը: Նա սխալ է համարում ՀՀ դրամային իշխանությունների վարքագիծը, որ փորձում էին արհեստականորեն դրամի կուրսը պահպանել:
՚Այդ պարզապես հնարավոր չէր, դա նշանակում էր, սարսափելի քանակությամբ դոլար նետել շուկա, պետք էր մեծ ինտերվենցիա կատարվեր, ինչին ի զորում չէր ԿԲ-ն: Հիմա ամեն ինչը գալիս է իր տեղըՙ,-ասաց Բոստանջյանը: Հիմա նա ակնկալում է, որ դոլարի փոխարժեքը ոչ թե կտրուկ, այլ հավասարաչափ կբարձրանա, եւ դրամը կարժեզրկվի նույնպես ոչ շատ կտրուկ:
՚Սրա մեջ չեմ ուզում վատ բան տեսնել, պարզապես պետք է բոլոր արժույթներն ունենան այն ապահովվածությունը, ինչը համապատասխանում է կյանքին. տվյալ պարագայում դոլարն այդպիսին է եւ ես միշտ ասել եմ, ՀՀ-ում դրամի արժեւորումը արհեստական բնույթ է կրել,-ասում է Բոստանջյանն ու ավելացնում,- նաեւ ճիշտ չեմ համարում դրամային իշխանությունների ընդհանուր տնտեսական համակարգի վարքագիծըՙ:
Տնտեսագետի կանխատեսմամբ, սա կարող է բերել ընդհանրապես տնտեսական շրջանառության դաշտում գտնվող սուբյեկտներից որոշների համար դրական հետեւանքի, մյուսների` բացասական, բայց անկախ դրականից ու բացասականից, մի բանն է ճիշտ. ՚Բոլորի մոտ իրական մրցակցային վիճակներ, իրական տնտեսական շրջանառության բնորոշ գծեր շատ ավելի շատ կլինենՙ:
Ի դեպ, հիշեցնենք, որ ՀՀ պետբյուջի հիմքում դոլարի փոխարժեքը դրված է եղել 302, 44 դրամ, սակայն իշխանություններն այն ժամանակ զգուշացրին, որ փոխարժեքը հնարավոր է փոփոխվի: