Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փակել էին ճանապարհը (տեսանյութ)

Մարզեր

Առավոտյան ժամը տասից Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ էին հավաքվել մի քանի հարյուր անհատ տաքսու վարորդ: Նրանց մեքենաները փակել էին փողոցի երթեւեկությունը, եւ կես ժամ անց ժամանեցին ճանապարհային ոստիկանները՝ կարգ հաստատելու:

Տաքսու վարորդներն էլ տեսնելով, որ իրենց բողոքի ձայնն այս կերպ հասու չէ իշխանություններին, որոշեցին ազդանշանները միացրած շարժվել դեպի Սայաթ - Նովա փողոց եւ այնտեղ արտահայտել իրենց բողոքը: Նրանք պահանջում են վերացնել դեղին պետհամարանիշների եւ հաշվիչ մեքենաների պարտադրանքը:

Մինչ Թատերական հրապարակում վարորդները պահանջում էին իրենց խնդրի անհապաղ լուծում, Սայաթ - Նովա փողոցում երթեւեկությունը փակ մնաց մոտ տասը րոպե: Թատերական հրապարակ ժամանեց Ոստիկանության Շիրակի մարզային ոստիկանության վարչության պետի տեղակալ Աշոտ Գորգինյանը՝ վարորդներին համոզելով, որ իշխանութոյւնների հետ բանակցելու այլ տարբերակներ կան, եւ չարժե խաթարել քաղաքի երթեւեկության բնականոն ռիթմը:

Սայաթ - Նովա փողոցի երթեւեկությունը վերականգնվեց, սակայն վարորդները նշեցին, որ դա չի նշանակում, թե իրենք զիջումների են գնում, այլ կշարունակեն պայքարել մինչեւ իրենց հարցի դրական լուծումը, այլապես իրենց բողոքը կբարձրաձայնեն հայ-թուրքական սահմանի մոտ:
Աշոտ Գորգինյանը նշեց, որ դա հարցի լուծում չէ, իսկ ինքն այստեղ կատարում է միայն իր աշխատանքը, իսկ վարորդների հարցին կպատասխանի մարզպետարանի ներկայացուցիչը, ում ինքն արդեն հեռախոսազանգով տեղեկացրել է իրավիճակի մասին: Որոշ ժամանակ անց ժամանեց Շիրակի փոխմարզպետ Միքայել Վարդանյանը, ում հանդարտեցնող խոսքերը վարորդներից ոմանք միայն փափուկ բարձ համարեցին:

Միքայել Վարդանյանը վարորդներին խոստացավ մարզի անհատ տաքսու վարորդների հարցը բարձրացնել կառավարությունում, քանի որ այն շատ ձգձգվեց եւ լուծում է պահանջում երկու կողմի համաձայնությամբ:

Գյումրիի «Ցայգ» ՀԸ