Շատ շուտով կհիասթափվեն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հայտնի բան է. թագավոր չէ այն թագավորը, որ կոմերցիայով է զբաղվում»,-այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Նա խիստ թերահավատորեն է վերաբերում «Սիստեմա» ֆինանսական-բաժնետիրական միավորման մամլո ծառայության ղեկավարի այն հայտարարությանը, թե Քոչարյանը ունի լայն կապեր բիզնես շրջանակների հետ եւ վայելում է ռուսական եւ արտասահմանյան բիզնես շրջանակների հարգանքը: «Նախագահը պետք է բիզնես շրջանակի հետ կապ չունենա, Ռոբերտ Քոչարյանի եւ պատրաստվածությունը, եւ ինտելեկտուալ կարողականությունը հաշվի առնելով' լրջորեն կասկածում եմ, որ կարող է կապեր ունենալ բիզնես շրջանակի հետ, նախ իրավունքը չունի դրա, եթե կան այդ կապերը: Մի կողմ թողնենք այն, որ երբ նա նախագահ է եղել, այդ կապերը չէին կարող լինել փոխադարձ, գործընկերային, նա կարող էր միայն օգտագործել իշխանությունը' ոչ օրինական ձեւով, այս կամ այն ունեցվածքը, սրա կամ նրա օգտին հափշտակելու համար, մոնոպորլիաներ ստեղծելու համար»,-ասաց նա:
Հրանտ Բագրատյանը «Ա1+»-ի հետ զրույցում հիշեցրեց, որ տարբեր բիզնեսներում Քոչարյանը եւ նրա զավակները կան, բայց. «Ինձ հայտնի չի դեպք, որ նրա անունը կապված լինի որեւէ բրենդի ստեղծման հետ, կամ մատը մատին խփած լինի հայկական որեւէ արտադրանք միջազգային շուկայում առաջ քշելու համար: Այն բիզնեսմենները, որոնց հետ ես եմ շփվել, պարզապես ապշել են անձնական հանդիպումներից հետո, որ նախագահն ամենուրեք ինչ-որ բան է փնտրում, որը իրենց համար հասկանալի չէ»:
Քանի որ «Սիստեմա» ֆինանսական-բաժնետիրական միավորումը լուրջ ակտիվներ ունի Հայաստանում, Հրանտ Բագրատյանը կարծում է, որ պարզապես ընդունել են քաղաքական որոշում, որովհետեւ. «Կարծում եմ նրան ավելի մեծ պաշտոն են խոսացել, որը չի ստացվել, չեն ուզել: Որեւէ մեկը չի ուզում պրոբլեմատիկ անձնավորությանն իր մոտ տեսնել»:
Բագրատյանը նկատեց, որ «Սիստեման» պետք է հստակ հայտարարություն անի, արդյոք Քոչարյանն ունի՞ ակտիվներ «Սիստեմայում», թե ոչ: «Նույն Քոչարյանը պետք է անի հայտարարություն: Եթե Քոչարյանը դրա բաժնետեր է, ապա նա 1 տարի առաջ է նախագահի նստավայրից դուրս եկել. նախագահի աշխատավարձով ո՞նց էր բաժնետեր դառնում: Դա նշանակում է, որ «Վիվասելի» վաճառքը ՄՏՍ-ին, կամ «Արմենտելի» վաճառքը «Բի լայնին» եւ «Արմենտելի» վաճառքը ՕՏԵ-ին արվել է ոչ մաքուր , ոչ թափանցիկ ձեւերով»:
Հրանտ Բագրատյանը չի բացառում նաեւ այն, որ Քոչարյանը լինի պարզապես տնօրեն, որպեսզի կարողանա Հայաստանում ունեցած ակտիվներով ազդել Սերժ Սարգսյանի վրա, ստանա շահեկան պայմաններ այդ ակտիվներն աշխատեցնելու համար: Բագրատյանը հիշեցրեց, որ «Սիստեմայի» ստորաբաժանումներին են պատկանում «Մարս» գործարանը, «Մերգելյան» ինստիտուտը, որոնք շատ ավելի վատ վիճակում են, քան մինչեւ Ռուսաստանին հանձնելը:
Իսկ զրույցի ավարտին Հրանտ Բագրատյանն ասաց. "Սիստեմայում" շատ շուտով կհամոզվեն, որ Քոչարյանից ավելի վատ մենեջեր չէր էլ կարելի երազել», -ապա նաեւ
խորհուրդ տվեց «Սիստեմայի» աշխատողներին, զգույշ լինել." Նրանք պետք է նկատի ունենան, որ Քոչարյանի անունը անմիջական առնչվում է մի շարք սպանությունների հետ, եւ բոլորովին չվերցնելով ինձ վրա դատավորի դերը, խորհուրդ կտայի «Սիստեմա»յի աշխատակիցներին մտածել մինչեւ կնստեն Քոչարյանի հետ ճաշելու, կամ որեւէ տեղ երաժշտություն լսելու, կամ ասենք գիշերները 12-ից, 1-ից հետ նրա հետ հանդիպումներում զգույշ լինեն, եւ հատկապես թող զգուշանան այնպիսի օրերին, ինչպիսիք եմ հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը...»: