Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չգիտեն` ինչ անել

Տնտեսություն

Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով այն տեղեկություններին, թե «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիան» կարող է կասեցնել ֆինանսավորումը, բավականին ինքնավստահ հայտարարեց, թե թող կասեցնեն, մենք ուրիշ աղբյուրներից կգտնենք ֆինանսավորում:

Այսօր «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիա-Հայաստան» ՊՈԱԿ գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը դեռ չէր պատկերացնում «Գյուղական ճանապարհներ» ծրագրի գործունեության ճակատագիրը:

Հիշեցնենք, որ հենց այս ծրագրի ֆինանսավորումն է կասեցրել Հազարամյակի մարտահրավեր կորպորացիան: Հունիսի 10-ին վերահաստատվել է կասեցումը ուժի մեջ թողնելու որոշումը. «Ֆինանսավորման այս կասեցումը պայմանավորված է ՀՀ կառավարության գործողություններով, որոնք չէին բխում ժողովրդավարական կառավարման խթանման ՀՄԿ սկզբունքներից»,-ասվել է պաշտոնական հայտարարության մեջ:

Արա Հովսեփյանն այսօր շահառուների խորհրդի նիստի ժամանակ խորհրդի անդամներին հայտնեց այդ վատ լուրը, եւ տեղեկացրեց, որ անգամ ծրագրի կասեցումից հետո առնվազն անհրաժեշտ է երթեւեկելի վիճակի բերել ճանապարհները:

Իսկ «Ա1+»-ի հարցին, թե արդյոք կառավարությունը պատրաստ է ֆինանսավորել «Գյուղական ճանապարհներ» ծրագիրը այսօրվա ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, երբ անգամ բյուջեն չեն կարողանում կատարել, Արա Հովսեփյանն ասաց, որ դեռ տեղյակ չի: Կստանանք պաշտոնական նամակը, ապա միայն կմտածենք, կքննարկենք, թե ինչ անենք»,-ասաց Հովսեփյանը:

Ի դեպ, հարցին, թե 1 կմ ճանապարհը միջինը որքա՞ն կարժենա` Արա Հովսեփյանը պատասխանեց, որ դժվար է միանշանակ պատասխանել, բայց միջինը մոտ 200 հազար դոլար: Հիշեցնենք, որ ակնկալվում է «Գյուղական ճանապարհների վերականգման» ենթածրագրով 67.1 մլն ԱՄՆ դոլարի հատկացմամբ իրականացնել մինչեւ 350 կմ ճանապարհահատվածների հիմնանորոգման եւ վերականգնման աշխատանքներ, որոնցում ընդգրկված կլինեին ինչպես ջրահեռացման համակարգերի այնպես էլ արհեստական կառույցների վերականգնումն ու անվտանգ երթեւեկության ապահովման միջոցառումների իրականացումը:

Արա Հովսեփյանը նաեւ վստահեցրեց, որ մյուս երկու` «Ջրից դեպի շուկա» եւ «Ոռոգման համակարգեր» ծրագրերով ֆինանսավորումը կշարունակվի: