Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ներմուծվող գազի ծավալները կրճատվել են

Տնտեսություն

Ռուսական ՙԳազպրոմ՚ պետական հսկան հետեւողականորեն կրճատում է գազի արդյունահանումը. այս ամիս միջինը արտադրվել է նախորդ տարվա ցուցանիշի 60 տոկոսը:

Հունիսի 14-ի տվյալներով` ՙԳազպրոմի՚ օրական արտադրանքը նվազել է մինչեւ 895,8 մլն. խմ-ի, որը 38 տոկոսով պակաս է 2008թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից եւ 9 տոկոսով պակաս նախորդ ամսվա արտադրաքանակից:

Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով, ռուսական գազի հիմնական գնորդ Եվրոպան տարվա առաջին կիսամյակում 5,4 տոկոսով կրճատել է ՙԳազպրոմից՚ կապույտ վառելիքի ներկրումը, իսկ ընդհանուր առմամբ, եվրոպական սպառող երկրներում միասին վերցրած՝ ռուսական գազի ներկրումն ընկել է 35,3 տոկոսով:

Սրանում մեծ դեր է խաղում ՌԴ սահմանած բարձր գինը (1000 խմ-ի համար՝ շուրջ 300 դոլար), դեր են խաղում գնորդ երկրների հասցեին պարբերաբար հնչեցվող սպառնալիքն այն մասին, թե կուտակված պարտքի պատճառով կփակեն խողովակը, ինչպես նաեւ հունվարին պայթած ռուս-ուկրաինական գազային վեճը:

Իսկ սրանից լավագույնս օգտվում են Եվրոպայի մյուս մատակարարներ՝ նորվեգական ՙStatoilHydro՚ եւ Կատարի ՙQatargas՚ ընկերությունները, որոնք ավելի ցածր գին են առաջարկում: ՌԴ-ում հույս ունեն, որ գոնե ձմեռնամուտին, կապված պահանջարկի աճի հետ, կկարողանան կանխել գազի գնանկումը եւ ավելացել արդյունահանումը:

ՙՀայՌուսգազարդ՚ ընկերությունից ՙԱ1+՚-ին հայտնեցին, որ բնականաբար` կրճատվել է նաեւ Հայաստան ներմուծվող ռուսական գազի ծավալը:
2008թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստան մուտք է գործել 994,1 մլն խմ գազ, որից սպառվել է 910 մլն-ը: Իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում ստացել ենք 865,8 մլն խմ, որից սպառել ենք 799,4 մլն-ը:

Չսպառված գազը, ըստ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ լրատվության պատասխանատու Շուշան Սարդարյանի, ամբարվել է Աբովյանի գազապահեստարանում: Ընդհանուր առմամբ, այս տարվա ընթացքում նախատեսվում է Հայաստան ներկրել մոտ 2 մլրդ խմ գազ, ինչը նախորդ տարվա համեմատ պակաս է լինելու 10-11 տոկոսով (2008թ. ներկրվել է 2 մլրդ 254,4 խմ գազ):