Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թելերը հանձնաժողովի ձեռքո՞ւմ են

Տնտեսություն

 

Ինչո՞ւ այս տարի ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը բավականին բարձր չէ:

 

«Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով մեր նման կառույցները մի հրովարտակ էին ընդունել, որ չի կարելի այս պայմաններում տնտեսվարող սուբյեկտներին օրենքների ամբողջ ուժով սկսել ստուգել, որոշումներ կայացնել կամ տուգանել: Չուզեցինք նպաստել տնտեսվարող սուբյեկտների կործանմանը»,- այսօր հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին ասաց հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը:

 

Այնուհանդերձ, նրանք վերահսկողությունը պահել են իրենց ձեռքում, որ սպառողի շահը չոտնահարվի: «Գերիշխողներ շատ կան: Մեր ուսումնասիրած շուկաների 75-80 տոկոսը գերիշխող են: Հայաստանի շուկաները կենտրոնացվածության բարձր աստիճանում են»,- ասաց Շահնազարյանն ու ավելացրեց, որ այսօրվա նիստում նրանք ավելի կարեւոր խնդիր ունեն' 2010թ.  տարեկան գործունեության ծրագրի կազման խնդիրներն են, որոնք պետք է ներկայացնեն ԱԺ:

 

Նախ հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկեցին մի քանի շուկաների ուսումնասիրություններ: Մսամթերքի շուկայում գերիշխող ճանաչված «Գեղարդ մսամթերքի կոմբինատը» այլեւս գերիշխող չէ:
Ըստ հանձնաժողովի' 2008թ. տվյալներով' շուկայում իրացման առավել մեծ բաժին ունեն «Լինդա» (24.6%), «Առդելիկատես» (13,2%) եւ «Մուշ» (10,9%) ընկերությունները: Ինչ վերաբերվում է Էթիլային սպիրտի շուկային, ապա «Ալեքս Գրիգ» ընկերությունը գրանցվեց գերիշխողների գրանցամատյանում, «Սալեքս Գրուփը»' հանվեց գրանցամատյանից: Ի դեպ, երկուսն էլ պատկանում են միեւնույն մարդուն:

 

Օրինակ, «ԱրմենՏելը» (53,9%) եւ «Ֆայբերնետ Քոմյունիքեյշն» (46,1%) ընկերությունները գերիշխող են ճանաչվել մագիստրալ ինտերնետի ոլորտում: Իսկ «Պրես Ստենդը» 37 տոկոս մասնաբաժնով լրագրային թերթերի շուկայի գերիշխողն է:

 

«ԱրմենՏել»  ՓԲԸ իրավաբանական տնօրեն Դավիթ Սանդուխչյանը դժգոհեց, թե կա երկու անկախ պետական մարմին, որոնք ընդունում են նույն առարկայի շուրջ այնպիսի որոշումներ, որ նույնիսկ չափման միավորերով տարբերվում են: Խոսքը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասին է:

 

«Կուզենայինք մեկ որոշում լիներ, որ տեսնեիք ճանաչվում ենք, թե չենք ճանաչվում գերիշխող:  Շուկայի դասակարգումը արվեր մեկի կողմից,- լրագրողներին ասաց Դավիթ Սանդուխչյանը,-Պատկերացրեք, մի հարկային մարմին գալիս ասում է ձեր հարկային բազան սա է, մեկ այլը գալիս,ասում է' սա է: Անորոշություն է ստեղծվում բիզնեսի դաշտում, իսկ բիզնեսի դաշտում անորոշությունից վատ բան չկա»:

 

Աշոտ Շահնազարյանն էլ «ԱրմենՏել»-ի վերաբերյալ նշեց, թե ուսումնասիրություն են արել եւ պարզել, որ 300-400 դոլարով ձեռքբերվող' 1 մեգաբիթ թողունակությամբ ինտերնետն իրացվում է 900-1200 դոլարով: «Այս գնային քաղաքականության ուսումնասիրության արդյունքում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էլ սկսեց ուսումնասիրությունները, եւ այդ ժամանակ հնչեց հայտարարությունները, թե 20-25 տոկոս կիջեցնենք գները: Որպեսզի իրավական դաշտում քննարկենք սա, անհրաժեշտ է առաջին հերթին ներմուծման հաշվով ճանաչել որպես գերիշխող դիրք ունեցող, որ հետո կարողանանք գերիշխող դիրքի չարաշահման երեւույթներին գնահատականներ տալ»,-ասաց նա:

 

 

Մենաշնորհից կազատվե՞նք

 

 

Հայ-թուրքական սահմանի բացումը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանի կարծիքով, դրական կազդի մեր տնտեսության վրա:

 

«Տնտեսական դաշտի համար ամենամեծ նշանակությունը ունի ազատության աստիճանների բաց լինելը: Ինչքան ճանապարհ, ինչքան հնարավորություն, ինչքան ապրանքափոխանակություն, այնքան լավ»,- ասաց Աշոտ Շահնազարյանը' ավելացնելով, որ պետք է հաշվի առել նաեւ այն, որ Թուրքիան համաշխարհային առեւտրի կազմակերպության անդամ է, ինչը թույլ է տալիս չվախենալ գնային քաղաքականությունից:

 

«Մոնոպոլ կարգավիճակ չի լինի: Առեւտրական բալանսի կարգավորման միտումով դրական է ազդելու: Քաղաքական առումով չգիտեմ, բայց տնտեսական առումով ազատականացումը կբերի ավելի ակտիվացման»,-շարունակեց նա: