Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱրմենՏել»-ը դժգոհում է

Տնտեսություն

            «ԱրմենՏել» ընկերությանը մտահոգել է Հանրային ծառայությունները կարգավորող (ՀԾԿՀ) եւ Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության (ՏՄՊՊՀ) հանձնաժողովների որոշումները, որոնք ըստ նրա' նույն հարցի վերաբերյալ կիրառել են տարբեր չափանիշներ եւ մեթոդաբանություն:

            Նշենք, որ ինտերնետ պրովայդերների բողոքի հիման վրա ՏՄՊՊՀ-ն սեպտեմբերի 24-ի նիստում «ԱրմենՏել»-ին ճանաչել է գերիշխող տվյալների փոխանցման միջազգային տարանցման շուկայում: Իսկ օգոստոսի 1-ին ՀԾԿՀ-ն «ԱրմենՏել»-ին տուգանել էր 8 մլն դրամ' իր կողմից 2 լիցենզավորված կազմակերպություններին ելքային ձայնային ծառայությունների տրամադրման կարգը խախտելու համար:

            Պարոն Կլիմկոն փորձեց այս որոշումները բացատրել յուրովի' շաքարավազի օրինակով: «2 մարդ շաքարավազ են ուզում գնել, երկուսի մոտ էլ կա 1000 դրամ: Նրանցից մեկը 1000 դրամով գնում է 5 կգ շաքարավազ, իսկ մյուսը' նույն գնով առնում է 10 կգ շաքարավազ: Ստացվում է' ծավալները տարբեր են, իսկ գումարային առումով' նույն չափով եք վճարում: Այսինքն' մի հանձնաժողովը մեզ գերիշխող է համարում հենց ծառայությունների մատուցման ծավալների առումով, իսկ մյուսը' ծախսվող ֆինանսական միջոցների ծավալների համար: Այդ պատճառով ես կարծում եմ, որ ՏՄՊՊՀ-ի որոշումը բխում է այն սկզբունքից, թե մենք որքան ենք ծախսել ինտերնետ կապի մատուցման համար, ես սխալ եմ համարում, իսկ ՀԾԿՀ-ի որոշումն ավելի ճիշտ է»,- կարծում է Իգոր Կլիմկոն:    

            «ԱրմենՏել» ընկերության իրավաբանական տնօրեն Դավիթ Սանդուխչյանն ավելացրեց, որ իրոք, հեռահաղորդակցման ոլորտում ծառայությունների գինը շատ հաճախ կախված է, թե որ երկրից, օպերատորից է այն գնվում եւ այլն, ըստ այդմ' սխալ է դրամական արտահայտությամբ գնահատել: Ի դեպ, սահմանի վրա ինտերնետի գնման սակագինը տատանվում է 300-400 ԱՄՆ դոլարի սահմաններում: Իսկ մինչեւ Երեւան հասցնելիս ինտերնետի ինքնարժեքը կազմում է արդեն մոտ 600 դոլար: Սեպտեմբերի 15-ից էլ «ԱրմենՏել»-ը սահմանել է ինտերնետի մեծածախ վաճառքի նոր, իջեցված գներ պրովայդերների համար' 662-934 ԱՄՆ դոլար:  

            Իբրեւ ելք իրավիճակից' Իգոր Կլիմկոն կարծում է, որ դաշտում պետք է լինեն մրցակից ընկերություններ, որոնք եւս կմատուցեն ինտերնետ ծառայություններ: Այդ պատճառով նա ողջունում է նոր բջջային օպերատորի' «Օրանժ»-ի մուտքը Հայաստան, մանավանդ եթե այն եւս սկսի մատուցել ինտերնետ ծառայություն: Նրա կարծիքով' որքան շատ լինեն ինտերնետ ծառայություն մատուցող պրովայդերները Հայաստանում, այնքան մեծ կլինի ինֆորմացիոն անվտանգությունը:

            Վերջում «ԱրմենՏել»-ի տնօրենն հայտարարեց, որ չի պատրաստվում ՏՄՊՊՀ-ի այս որոշումը վիճարկել դատարանում: