Սիրիացիները մեծ հույսերով են եկել
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանում ընթանում է Սիրական ապրանքների ցուցահանդես-վաճառքը, որը կտեւի մինչեւ հոկտեմբերի 4-ը:
Սա սիրիական ապրանքների առաջին ցուցահանդեսն է Հայաստանում, որը անցյալ տարի Հալեպում կազմակերպված հայկական ցուցահանդեսի, այսպես ասած, պատասխանն է: Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ՀՀ Արդյունաբերական պալատի գործարարության աջակցության բաժնի պետ Մասիս Սարգսյանը' սիրիացի գործարարները եկել են մեծ պատվիրակությամբ' մոտ 60 մարդ, սակայն նրանցից միայն 40-ն է ներկայացրել իր տաղավարը:
Ցուցահանդեսին ներկայացված են տրիկոտաժեղեն, կոշիկների տեսականի, կաշվեղեն, պլաստմասե իրեր, ոսկերչական գործիքներ, կան նաեւ դեղագործական ընկերություններ: Ի դեպ, նրա վստահեցմամբ' կոնկրետ դեղերը չեն վաճառվելու, քանի որ ՀՀ Առողջապահության նախարարության կողմից չեն լիցենզավորվել, այլ ներկայացվել են միայն ցուցահանդեսին մասնակցելու համար:
Ցուցահանդեսի բացմանն այսօր ներկա էին ՀՀ-ում Սիրիրայի դեսպանը, Սիրիայի առեւտրի նախարարի տեղակալը, Հալեպի առեւտրի պալատի նախագահը եւ գործադիր տնօրենը, ՀՀ Արդյունաբերական պալատի նախագահը Մարտին Սարգսյանը, Գյուղատնտեսության նախարարի տեղակալը: Նրանք նախ շրջեցին ցուցահանդեսի տաղավարներով, իսկ ապա' հայ եւ սիրիացի գործընկերները փոխանակվեցին հուշանվերներով:
Մասիս Սարգսյանի ասելով' եթե ճգնաժամի ընթացքում հիմնականում կորցնում են իրենց գործընկերներին, ապա նմանատիպ ցուցահանդեսները նպաստում են գտնել նոր շուկաներ, գործընկերներ, մատակարարներ: Ցուցահանդեսի մասնակից «Մադար» կազմակերպության տնօրեն իտալացի Էնրիկո Չերուտտին, Հալեպում ամուսնանալով հայուհի Կեկել Խաչատուրյանի հետ, հիմնել է ալյումինի արտադրության գործարան, որի արտադրանքն արտահանում է Եվրոպա: Նրա ասելով' մինչեւ այս տարվա հունիս-հուլիս ամիսներին նրա բիզնեսը գրեթե կանգ էր առել, սակայն աշնան սկզբին արդեն հայտնվել են նոր պատվիրատուներ: Այս ցուցահանդեսին նա մեծ հույսերով է եկել:
ՀՀ Արդյունաբերական պալատի գործարարության աջակցության բաժնի պետը եւս ընդգծեց, որ այս ցուցահանդեսի նպատակը ոչ միայն ցուցադրելն է, այլեւ գործարար կապերի հաստատումն է: «Ես ենթադրում եմ, որ Սիրիան մոտ ապագայում հսկայական տեմպերով առաջ կգնա, քանի որ մի քանի տարի առաջ նրանք ճեղքեցին Թուրքիայի կողմից երկար շրջափակումը եւ բացեցին տնտեսական սահմանները: Հիմա Սիրիան Թուրքիայի հետ ազատ տնտեսական քաղաքականություն է վարում եւ օրինակ' ապրանքաշրջանառությունը զրոյական մաքսատուրքով է»,- ասաց Մասիս Սարգսյանն' ավելացնելով, որ հայ-թուրքական սահմանների բացումից հետո հատկապես Սիրայի հետ ապրանքաշրջանառությունը կմեծանա, քանի որ միանգամից Թուրքիայով կանցնեն բեռները: «Մի քիչ կէժանանա ճանապարհածախսը, մի քիչ կքչանան սահմանային խնդիրները, քանի որ եթե հիմա 3 սահմանն ենք անցնում, ապա այդ ժամանակ Վրաստանով ճանապարհը դուրս կգա միջից: Կակտիվանան հայ-սիրիական տնտեսական հարաբերությունները»,- հայտարարեց նա: