Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվելու է վարչապետի աշխատակազմի պատվերով նկարված «Վերադարձ» ֆիլմը

Պաշտոնական

2019 թ. ապրիլի 30-ին, ժամը 15։00-ին «Մոսկվա» կինոթատրոնի երկրորդ հարկում տեղի կունենա «Վերադարձ» վավերագրական ֆիլմին նվիրված ասուլիսը, իսկ ժամը 19:00-ին «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում կկայանա «Վերադարձ» ֆիլմի շնորհանդեսը։ Մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար։

Ֆիլմի սցենարը գրել է ռուս հեռուստալրագրող Սվետլանա Կուլչիցկայան՝ ՀՀ  վարչապետի աշխատակազմի  «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվերով:  

1992-1994 թթ. պատերազմի տարիներին Սվետլանա Կուլչիցկայան Արցախում էր, և արցախցիների հետ հավասար վերապրելով պատերազմի բոլոր դժվարություններն  ու զրկանքները՝ նկարահանել է երեք ֆիլմ` «Ապրեք» («Живите»,  1992թ.), «Գնդակոծությունից հետո» («После обстрела», 1992թ.), «Խաղաղության գինը» («Цена покоя», 1994թ.): Հենց այս ֆիլմերի հերոսների ճակատագրին է նվիրված «Վերադարձ» նոր վավերագրական ֆիլմը:

Ֆիլմի գաղափարախոսությունը կառուցվում է մեկ գլխավոր մտքի շուրջ. միայն խաղաղ կյանքը կարող է ապահովել մարդու  ստեղծագործ ապագան և դարձնել հայրենի հողը ծաղկուն այգի: Արցախը արդեն 27 տարի անընդմեջ հենց դա է  ապացուցում  համաշխարհային հանրությանը:

 90-ականների պատերազմը վերապրած մարդկանց, նրանց երեխաների ու թոռների ճակատագրերը ներկայացնելու միջոցով ֆիլմը լիարժեք պատկերում է Արցախի ներկայիս կյանքը: Ներկայացվում են այն հնարավորությունները, որ ստեղծել է խաղաղությունը՝ չնայած ադրբեջանական կողմի ագրեսիվ ցանկություններին և ռազմական գործողություններին, որոնցով հակառակորդը փորձում է խաթարել հանրապետության կենսագործունեությունը, ինչն այստեղ ապրող մարդկանց կյանքն ավելի դրամատիկ է դարձնում:

 

Առանձին անհատների միջոցով ներկայացված է արցախյան առօրյան, մարդկային ոգու վեհությունը և հայրենիքում արարելու ծարավն ու ձգտումը: