Վարչապետի հետ խոսակցությունը ՊՎԾ պետի պաշտոնակատարը չհանրայնացրեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարը հերքում է, որ իր հայրը Կոտայքի թեմի առաջնորդն է: Թեմի առաջնորդը Քյարամյանի ազգականն է: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արգիշտի Քյարամյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե Արգիշտի Քյարամյանը 28 տարեկանում ինչպես է հասցրել 32 միլիոն դրամ և 48 հազար ամերիկյան դոլար ունեցվածք ձեռք բերել, Քյարամյանը տեղեկացրեց, որ այդ ամենն ունեցել է մինչ պաշտոնի անցնելը:
«Դատախազությունում ծառայության անցելուց, իմ ներկայացրած հայտարարագրում ներառված է եղել խնդրո առարկա դարձած ունեցվածքը»,-ասաց Քյարամյանը:
Հարցին՝ իսկ կնոջ ունեցվածքի մասին ինչ կարող է ասել, Քյարամյանը նշեց, որ մինչ ամուսնանալը իր կինն արդեն ունեցել է այդ ունեցվածքը:
«Քաղաքացու օրը» վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կփորձի պարզաբանումներ ստանալ ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարից, թե որտեղից իրեն այդ գումարները: Ի՞նչ պարզաբանումներ է տվել Արգիշտի Քյարամյանը եւ արդյո՞ք դրանք բավարարել են վարչապետին, ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարն ասաց, որ իր եւ վարչապետի խոսակցությունը հրապարակման ենթակա չէ:
Արգիշտի Քյարամյանը հայտնեց, որ Երևանի պետական բժշկական համալսարանում և քրեակատարողական հիմնարկներում ուսումնասիրությունները շարունակվում են: Քյարամյանի խոսքով, երկուշաբթի կավարտվի ԵՊԲՀ-ի ուսումնասիրության ամփոփման փուլը:
Ինչ վերաբերում է ՋՕ միություններում կատարված ուսումնասիրություններին, Քյարամյանը նշեց, որ դրանք դեռեւս շարունակվում են:
Արդյո՞ք ՊՎԾ ուսումնասիրություններ կիրականացնի նաեւ ԱԱԾ-ում. «Հետագայում չեմ կարող ասել, թե որ ուժային կառույցում կնախաձեռնենք ուսումնասիրություն, բայց միանշանակ մեր այդ համապատասխան վարչությունը պետք է աշխատի»: