Բացել լրահոսը Փակել լրահոսը
hayl
A A
Քաղաքականություն

Հայկ Մարությանը աշխատավարձերի բարձրացման հարցն օրակարգից հանեց (տեսանյութ)

Երեւանի ավագանու արտահերթ նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը մինչ օրակարգում ընդգրկված երեք հարցերին անցնելը՝ անդրադարձավ քաղաքապետարանի  1700 աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման խնդրին:

       «Ներկայացնեմ, թե ինչու է այս ամենն արվել՝ օգտվելով նաեւ առիթից, քանի որ այստեղ ներկա են լրատվամիջոցների ներկայացուցիչները, հարգարժան ավագանու  մեր անդամները  նաեւ տեղեկացված լինեն, եւ մեր հարգելի երեւանցիները, մեր բնակիչները, թե ինչ է կատարվում: Բոլորը շատ լավ գիտեն, որ այս պահին բոլոր գերատեսչությունները աշխատում են պարգեւավճարների համակարգով, այսինքն՝ կան աշխատավարձներ, որոնք բավականին ցածր են, եւ դրանց կոմպենսացիան արվում է պարգեւավճարների ձեւով: Հետևաբար, մենք ուզում են մեկ քայլ առաջ անել եւ գնալ ավելի պարզ, ավելի բաց, ավելի թափանցիկ ճանապարհով, եւ այն ինչ կոչվում է աշխատավարձ,  գումարած՝ պարգեւավճար, դառնում է նորմալ աշխատավարձ, բերվում աշխատավարձի դաշտ: Գոյություն ունի հաստատված բյուջե, որտեղ կա հաստատված պարգեւավճարների չափ։ Եվ այս աշխատավարձերի բարձրացումը տեղավորվում է միայն այդ պարգեւավճարների բյուջեի մեջ, հավելյալ ոչ մի գումար աշխատավարձերի բարձրացման համար չի արվում: Պարգեւավճարները վերածվելու են աշխատավարձի»,-իր ելույթում նշեց քաղաքապետը:

   Հայկ Մարությանի խոսքով՝ այս որոշումը բազմաթիվ դրական կողմեր ունի. «1700 աշխատակցի համար սա կբերի հստակություն իրենց կյանքում, երկրորդը՝ հարկերի մասով շատ ընտանիքներ կարող են հիփոթեքային վարկեր վերցնել՝ հստակ իմանալով, որ աշխատավարձ են ստանալու, եւ երրորդը, որն ինձ համար է արդեն կարեւոր, որ հանգիստ սկսենք արդեն լավ կադրերի հավաքագրումը, որովհետեւ այս պահին, երբ մենք խոսում ենք տարբեր մարդկանց հետ, որակավորում ունեցող, պրոֆեսիոնալիզմ  ունեցող՝ ասելով, որ քո աշխատավարձը այսքան է լինելու, բայց կլինեն պարգեւավճարներ, միեւնույն է այդ մարդիկ իրենց համար ֆիքսում են այդ աշխատավարձի չափը, եւ շատ-շատերը մերժում են այդ աշխատավարձով աշխատել քաղաքապետարանում»:

 

Քաղաքապետը եւս մեկ անգամ  հիշեցրեց, որ պարգեւավճարներ չի վերցրել, չի էլ վերցնելու եւ ցանկություն չունի ստանալ նաեւ բարձր աշխատավարձ եւ անկեղծանալով նշեց, որ 16 տարեկանից գիշեր-ցերեկ աշխատել է եւ այսօր բավականին ապահոված է. «Այստեղ իմ գտնվելը միայն մեր հեղափոխության եւ մեր ազատությունների, արդարության սկզբունքները պահելու համար է, եւ գումարային ոչ մի ակնկալիքներ չունեմ, եւ դրա համար ասել էի, որ իմ աշխատավարձը չպետք է բարձրանա, բայց մեր իրավաբաններն ասացին, որ անհնարին է՝ հղում անելով օրենքին։ Իմ գումարը մնալու է նույն 400 հազար դրամը, ավալեցված մասով մենք բարեգործություն կանենք»:

 

Հայկ Մարությանը կարեւորեց «Իմ քայլը» խմբակցության բոլոր անդամների  համաձայնությունը՝ աշխատավարձերի բարձրացման հարցի շուրջ. «Ես այս հարցը օրակարգից հանում եմ»,-հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը: