Հիդրոմետ ծառայությունը ստացել է նորագույն ռադիոզոնդարկման համակարգ
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 5-ից Երևանի աէրոլոգիական կայանը վերսկսեց մթնոլորտի վերին շերտերի զոնդարկումը արդեն նոր, ավելի կատարելագործված համակարգի միջոցով:
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) օժանդակությամբ՝ ՀՕԿ-ի «Կամավոր համագործակցություն» և «Կլիմայական դիտարկումների գլոբալ համակարգ» ծրագրերի շրջանակներում Հիդրոմետ ծառայությունը ստացել է նորագույն ռադիոզոնդարկման «MODEM SR-10» երկրային համակարգ և M10 տիպի 400 ռադիոզոնդ: Ծրագրի ընդհանուր արժեքն է ավելի քան 41 հազար եվրո:
Մայիսի 2-ից 5-ը համակարգի տեղադրման և փորձարկման նպատակով Հայաստան էր այցելել ֆրանսիական մթնոլորտի վերին շերտերի ուսումնասիրման ոլորտում մասնագիտացված METEOMODEM կազմակերպության փորձագետ Կրիստոֆ Ռոն:
Նրա և մեր մասնագետների համատեղ գործողությունների արդյունքում իրականացվեց նոր համակարգի տեղադրում և փորձարկում:
Սարքավորումների շահագործման նպատակով անցկացվեցին ուսուցողական դասընթացներ, որոնց մասնակցեցին Հիդրոմետ ծառայության Երևանի աէրոլոգիական կայանի աշխատակիցները, օդերևութաբանության և տեխնիկայի կենտրոնների, ինչպես նաև միջազգային համագործակցության բաժնի մասնագետները:
«MODEM SR-10» երկրային կայանը վերջին սերնդի ռադիոզոնդարկաման համակարգ է, որն աշխատում է նոր M10 զոնդերի հետ: Հաղորդման ծածկույթը կազմում է ավելի քան 350 կմ: Բարձրանալով մթնոլորտի վերին շերտեր մինչև 31 կմ՝ այն չափում և ռադիոհաղորդչի միջոցով երկրային կայան է հաղորդում այնպիսի պարամետրեր, ինչպիսիք են ճնշումը, ջերմաստիճանը, խոնավությունը, քամու արագությունը և ուղղությունն իրական ժամանակում:
Նոր համակարգն իր ավելի նորարարական բնութագրերի և հատկանիշների շնորհիվ հնարավորություն կընձեռի ռադիոզոնդից ստացվող տեղեկատվությունը ստանալ առավել ճշգրիտ, ավելի կարճ ժամանակահատվածում և կատարելագործված տեսքով: Համակարգի առավելություններից է դիտարկման անընդհատությունը, օպերատիվությունը, զոնդարկման ամբողջ ընթացքում ռադիոզոնդի թռիչքի հետագծի ակներևությունը, ինչպես նաև զուգահեռ համապատասխան ուսումնասիրությունների իրականացման հնարավորությունը: