Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Գրել եք 14 տառատեսակով, կարող էիք 20-ով գրել. Սիսակ Գաբրիելյանը հեգնեց Լևոն Յոլյանին (տեսանյութ)

Խորհրդարանում քննարկվում է Հաշվեքննիչ պալատի 2018 թ. գործունեության մասին տարեկան հաղորդումը, որը զեկուցեց պալատի նախագահ Լևոն Յոլյանը: Տարեկան հաղորդման արդյունքները գրքի տեսքով բաժանված էին բոլոր պատգամավորներին:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին հետաքրքրեց, թե Հաշվեքննիչ պալատը որքա՞ն գումար է ծախսել դրանց վրա:

«60 էջանոց գիրք եք տվել, որի ուղիղ կեսը դատարկ էջեր են, սա, ըստ Ձեզ, արդյունավետ բյուջեի ծախսո՞ւմ է, թե՞ ոչ,- հարցրեց պատգամավորը՝ հեգնելով, թե գիրքը գրվել է 14 տառաչափով, կարող էին 20 տառաչափով գրել և ավելի մեծ գումար ծախսել դրա վրա:

«Չե՞ք կարծում, որ վեթթինգը պետք է սկսեք Ձեր հանձնաժողովից,- շարունակեց Սիսակ Գաբրիելյանը: Լևոն Յոլյանը նախ նշեց, որ գիրքը տպվել է Հաշվեքննիչ պալատում, այսինքն՝ դրա համար հատուկ ծախս չեն արել, ապա հավելեց.

«Հաշվեքննիչ պալատի արձանագրությունները ընդհանուր մի քանի հազար էջ է, մենք փորձել ենք, հարգելով պատգամավորներին, կարճ հաղորդում ներկայացնել: Ճիշտն ասած՝ քննարկել ենք էջի երկու երեսին անել, թե տարբեր էջերին, այ դա երևի անարդյունավետ է եղել: Իմ տեսանկյունից՝ թերթողի համար դա ավելի հարմար է: Ձեր առաջարկությունը հաշվի կառնենք»- նկատեց Լևոն Յոլյանը:

Պատգամավորը շնորհակալություն հայտնեց, որ նա ընդունեց, որ ինքն է բյուջեի միջոցները անարդյունավետ ծախսել, սակայն Լևոն Յոլյանն էլ իր հերթին արձագանքեց, թե ինքը չի ընդունել, որ անարդյունավետ է ծախսել ու հավելեց. «Եթե անարդյունավետությունը վերաբերում է նրան, որ մի տուփ 2000 դրամանոց թուղթ են ծախսել, ես Ձեզ հետ համաձայն եմ, բայց ամեն դեպքում դա արվել է նրա համար, որ քաղաքակիրթ ձևով պատգամավորների համար մատչելի լինի, բայց սրանից հետո էլեկտրոնային տարբերակով կուղարկենք»:

Մանրամասները՝ տեսանյութում: