Շարունակվում է Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը
Աջակցիր «Ա1+»-ինԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն և Նորք-Մարաշ» նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, տեղի է ունենում ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։
Մանվել Գրիգորյանը դատական նիստին եկավ անվասայլակով, Ամիրյանը նույնպես ներկա է։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։
Նույն մեղադրանքն է առաջադրված Նազիկ Ամիրյանին։
ԵԿՄ նախկին նախագահի փաստաբանական խմբի անդամ Լևոն Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ՝ թվելով նրա մոտ առկա մի քանի տասնյակ հիվանդությունները։
Փաստաբանն ընդգծեց, որ առկա հիվանդություններով շուրջ մեկ տարի կալանքի տակ պահելը ոչ այլ ինչ է, քան խոշտանգում։
«Գրիգորյանի ոտքերը մոտ 90 տոկոսով դարձել են անզգա», - շեշտեց նա։
Փաստաբանը նաև 10 միլիոն դրամ գրավ կիրառելու հանգամանքը նշեց։
Փաստաբանական խմբի անդամ Արսեն Մկրտյանն ասաց, որ իր պաշտպանյալը, նախկինում ազատության մեջ լինելով, չի խոչընդոտել գործի նախաքննությանը։
Մեղադրող կողմը դեմ արտահայտվեց խափանման միջոցի փոփոխմանը՝ նշելով, որ անկախ պաշտպանական կողմից Գրիգորյանի մոտ առկա հիվանդությունների ներկայացմանը՝ վերջինիս վերաբերյալ եզրակացություն պետք է տա համապատասխան փորձագիտական հանձնաժողովը։
Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ։ Միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի 1 ժամից։