Բացել լրահոսը Փակել լրահոսը
NA_1
A A
Պաշտոնական

Աշոտ Ղուլյանն ընդունել է ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ՀՀ ԱԺ պատվիրակությանը

Սեպտեմբերի 7-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորական պատվիրակությանը՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի գլխավորությամբ: Խորհրդարանականներն Արցախ են ժամանել սեպտեմբերի 8-ին հանրապետությունում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:
 
Ողջունելով հյուրերին՝ Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել ՀՀ խորհրդարանի պատգամավորների՝ Արցախի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցելու պատրաստակամությունը՝ այն համարելով երկու խորհրդարանների միջև համագործակցության գործնական դրսևորում: Կարևորելով ՏԻՄ ընտրությունների անցկացումը՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ Արցախը վճռական է ժողովրդավարական ճանապարհով իշխանությունների ձևավորման հարցում թե՛ տեղական, թե՛ համապետական մակարդակում:
 
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հավաստել է պատվիրակության՝ հանրապետության ողջ տարածքում դիտորդական առաքելություն իրականացնելու և ընտրական գործընթացների ուղղությամբ փորձի փոխանակման պատրաստակամությունը:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ընտրական և տեղական ինքնակառավարման օրենսդրության կարգավորումներին և երկու խորհրդարանների պետաիրավական հանձնաժողովների համագործակցությանը վերաբերող հարցեր:
 
Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի Հանրապետության պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը:                                                                     
 
Արցախի Հանրապատության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին