Ազատություն Ամուլսարի երեք պահապաններին. «Սասնա Ծռեր»
Աջակցիր «Ա1+»-ին«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հաղորդագրությունը․
Շաբաթներ առաջ Գնդեվազ գյուղում տեղի ունեցած վիճաբանությունից և քաշքշուքից հետո կալանավորվել են Ամուլսարի պահապաններ Էդմոնդ Աղաբեկյանը, Խաժակ Արսենյանը և Յուրա Արսենյանը:
Հայրենի բնության և ապագա սերունդների առողջ ու ապահով կյանքի համար անձնվիրաբար պայքարող այս գիտակից երիտասարդները, որ նաև 2018 թ. ապրիլ-մայիսին ազգադավ ռեժիմին հեռացնելու համար ոտքի ելած մեր ժողովրդի առաջին շարքերում են եղել, իրականում Ամուլսարի հանքի շահագործման հարցում գործող իշխանության մոտեցմամբ ստեղծած իրավիճակի զոհեր են:
Նրանց ներկայացված մեղադրանքը և, հատկապես՝ կալանքը, կանխակալ և խտրական վերաբերմունքի ակնհայտ դրսևորում է:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ տասնամյակներ շարունակ մեր ժողովրդին կեղեքած և պետությունը քայքայած, անգամ պետական դավաճանություն և/կամ սպանություն կամ մահափորձ կատարած հայտնի հանցագործներն ազատության մեջ են և շարունակում են վայելել թալանածը, իսկ նրանցից ոմանք, եթե նույնիսկ մեղադրվում են իրենց կատարածի չնչին մասի համար, ապա, որպես կանոն, չեն կալանավորվում:
Գործող իշխանությունը պետք է գիտակցի, որ.
- անհրաժեշտ է բավարար կամք և կարողություն ցուցաբերել պետությունը զավթած ռեժիմի գործունեությանն իրավաքաղաքական գնահատականը տալու և դրա համատեքստում Ամուլսարի հանքի շահագործման ակնհայտ ապօրինի թույլտվությունը ծնած կոռուպցիան բացահայտելու ու հանքահեններին պատասխանատվության կանչելու համար,
- վերը նշված իր անգործության պայմաններում քաղաքացիները ստիպված են լինում ինքնուրույն կերպով պաշտպանել իրենց բնական իրավունքները, ինչի հետևանքով նաև տեղի են ունենում սահմանազանցումներ:
Ըստ այդմ՝ գործող իշխանությանը հորդորում ենք.
- ձեռնպահ մնալ Ամուլսարի պահապան երեք երիտասարդների՝ Էդմոնդ Աղաբեկյանի, Խաժակ Արսենյանի և Յուրա Արսենյանի նկատմամբ ընտրովի արդարադատությունից և կանխակալ ու խտրական վերաբերմունքից, նրանց կատարած արարքը դիտարկել իրավիճակի համատեքստում, դրան տալ իրավաչափ ու արդար գնահատական և նրանց ազատել կալանքից,
- ժամ առաջ ժողովրդի ու իրավունքի վրա հենվելով՝ դադարեցնել Ամուլսարի ծրագիրը, համախմբել ժողովրդին և լրացուցիչ գոյութենական պրոբլեմներ ստեղծելու փոխարեն վերջապես ձեռնամուխ լինել նախկինից ժառանգածների լուծմանը: