Կառավարության դիմաց ակցիայի մասնակիցն ապտակեց «Արմավիր ՋՕ»-ի աշխատակցին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրմավիր մարզի Գետաշեն համայնքի մի խումբ ներկայացուցիչներ հավաքվել էին կառավարության շենքի դիմաց։
Նրանք բողոքում էին իրենց տարածքում ոռոգման ջրի բացակայությունից, չնայած, ինչպես պնդում են, այս տարվա սկզբին պայմանագիր են կնքել «Արմավիր ՋՕ»-ի հետ։
«Ջրանցքը փակել են, ջուրը գնացել է, ՀԷԿ-ը աշխատել է, մենք ջուր չենք ունեցել։ «Արմավիր ՋՕ»-ն հայտ չի ներկայացրել Ջրառին, որ իրենց ջուր տա, Ջրառն էլ վերցրել է և ջուրը տվել է ՀԷԿ-ին։ Ջրառին և ՀԷկ-ին մեղադրելու չէ, «Արմավիր ՋՕ-ն է մեղավոր»,- նշեց հողատարածքի սեփականատեր Սամվել Մուրադյանը։
Ակցիայի մասնակիցների միջև միջադեպ տեղի ունեցավ, երբ Մուրադյանը նշեց, որ իրենք հայտ են ներկայացրել, սակայն «Արմավիր ՋՕ»-ի կողմից այն հաշվի չի առնվել։ Հավաքվածներից մեկը ապտակեց «Արմավիր ՋՕ»-ի մի աշխատակցի։
«Արմավիր ՋՕ»-ի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Արշակյանը, ով նույնպես կառավարության շենքի դիմաց էր, նշեց, որ տարածքի սեփականատերը, երբ տարիներ առաջ գնել է այն, տեղեկացվել է, որ այն ռիսկային գոտի է։ Դրա համար միայն այս տարի է բերք ցանել։
«Թող լինի հանձնաժողով՝ գան, նայեն»,- ասաց նա։
Ավելի ուշ ակցիայի մասնակիցները հրավիրվել են կառավարություն։ Նրանց խոսքով՝ իրենց կառավարությունից վստահեցրել են, որ կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով, որը փաստերի հիման վրա կճշտի բերքի վնասի չափերը։ Հանձնաժողովին զուգահեռ՝ մասնավոր ՊՈԱԿ ևս կներգրավվի հարցին։
Մանրամասները՝ տեսանյութում