Հայկ Հարությունյանին ամենամեծ ճնշողն իր խիղճն էր․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի համոզմամբ՝ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1-ի» գործով առանցքային վկա Հայկ Հարությունյանին ոչ մեկ չէր կարող ճնշել։
Այդ մասին խորհրդարանում «Ա1+»-ի հարցին ի պատասխան՝ ասաց նա։
«Հայկ Հարությունյանին ամենամեծ ճնշողը իր խիղճն էր, ոչ մեկ Հայկ Հարությունյանին չէր կարող ճնշել։ Այդ խիղճը ի՞նչ է իրենց թելադրել այս տարիների ընթացքում՝ ես չգիտեմ, բայց որ Ոստիկանությանը մղել են ապօրինի գործողությունների, բոլորս տեսել ենք նաև փաստերով։ Սկսած փաստահավաք խմբից՝ նույնիսկ Նիկոյանի քաղաքական հանձնաժողովի աշխատանքների արդյունքում, որտեղ պարզվեց, որ Հայկ Հարությունյանը երբ որ գալիս է պատասխաններ տալու, ինքը շատ դեպքերում անկեղծանում էր, որը ցանկալի չէր։ Հայկ Հարությունյանն էր, որ խոսեց և՛ շտաբի, և՛ դիպուկահարի առկայության մասին, իսկ դիպուկահարը պարզվեց, որ մեկը չի եղել»,- ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը։
Մամուլի հրապարակումները, ըստ որոնց՝ Հայկ Հարությունյանը ճնշումների է ենթարկվել՝ սուտ ցուցմունքներ տալու նպատակով, նրա կարծիքով՝ միջամտություն է նախաքննությանը։
«Մարտի 1-ի փաստահավաք խմբի ժամանակ 2 անգամ հնարավորություն ունեցել եմ Հայկ Հարությունյանին լսելու, ինքը եկել է դռան մոտ և իր ներքին կաշկանդվածությունը հնարավորություն չի տվել հաղթահարի և դուռը բացի, ներս մտնի։ Հայկ Հարությունյանն այն մարդն էր, որը մինչև ոստիկանապետ դառնալը եղել է կալանավայրերի համակարգի մարդ, հոգեբանորեն շատ դժվար է այդ կառույցում ձևավորված սպան պատկերացնի, որ մի օր կարող է ինքը հայտնվել կալանավայրում, եթե դատաքննության ընթացքում պարզվի իր մեղավորության աստիճանը։ Շատ վատ է, որ ուժային կառույցները ղեկավարած մարդիկ հայտնվում են այսպիսի պատմության մեջ և այն ժամանակ իրենք ասում էին՝ դե հրաման են տվել, արել ենք»,- շեշտեց նա։
Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ Հայաստանում կարևոր փոփոխություն է եղել առ այն, որ գործ սարքելու պատվեր այլևս չի դրվում։
«Կոծկել գործերը, մարդկանց ապօրինի մեղադրանքներ առաջադրելու պատվերներ չկան»,- շեշտեց նա։
Տեսանյութը՝ քիչ անց։