«2009թ. Հայաստանը չի մարսել ցեմենտը»
Աջակցիր «Ա1+»-ին2010թ. պետական արտաքին պարտքը կկազմի ՀՆԱ-ի 50 տոկոսը, որը բավականին բարձր ցուցանիշ է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը:
2009թ. այն կազմել է 37 տոկոս: Հակառակ այս կանախտեսումների` միայն ՀԲ-ից Հայաստանը 2009-2012թթ ծրագրերի իրականացման համար ստացել է 550 մլն ԱՄՆ դոլար վարկ` 25 տարի ժամկետով, որից միայն 7-10 տարին է արտոնյալ:
«Թե տոկոսադրույքի, թե ժամկետայնության առումով ՀԲ-ի տրամադրած վարկերը բավականին բարենպաստ պայմաններով են: Նույնը չի կարելի ասել, օրինակ` ռուսական վարկի մասին, որի պայմանները շատ ավելի անբարենպաստ են»,- հայտարարեց նա:
Միայն 2010թ. ՀՀ-ի կողմից կհաստատվեն ՀԲ-ի կողմից ներկայացված 8 ծրագիր, որոնց մեջ մասնավորապես մտնում են հարկային, մաքսային բարեփոխումները, սոցիալական պահովության ցանցի ծրագրերը, ՀՀ 37 համայնքային ծրագրերի զարգացումը, էլեկտրոնային ծրագրերի բարելավումը, IT ոլորտի խթանումը, Գյումրիի տեխնոպարկը, Հյուսիս-Հարավ ճանապարհի վերականգնումը, գյուղատնտեսական համայնքների զարգացումը եւ այլն:
Ըստ նրա` պետական պարտքը կառավարելի ու սպասարկելի կլիներ, եթե ՀՀ-ն սկսեր բարեփոխումներ իրականացնել հարկերի հավաքագրման առումով, որն ի դեպ, ՀՀ-ում բավականին ցածր մակարդակի վրա է` կազմում է ՀՆԱ-ի ընդամենը 17 տոկոսը:
«Ա1+»-ի այն հարցին, թե արդյոք այդ դեպքում ՀԲ-ն իր տրամադրած վարկերի ետ ստացման առումով մտավախություն չունի՞` Արիստոմենե Վարուդակիսը ժպտալով պատասխանեց. «Ճիշտն ասած` մենք խնդիր չենք տեսնում: Մեր հույսը կամ ակնկալիքն այն է, որ 7-10 տարի հետո Հայաստանի տնտեսությունը լրիվ այլ տեսք կունենա, կլինի ավելի դիվերսիֆիկացած, մրցունակ: Ուստի պետք է միշտ լավատես լինել»:
Արիստոմենե Վարուդակիսը ՀՀ տնտեսությունը խոցելի է համարում, քանի որ այն հիմնված է շինարարության եւ հանքարդյունահանության վրա: Դա պարոն Վարուդակիսը մեծագույն սխալ է համարում: Համաշխարհային ճգնաժամի դառը դասերից մեկը ՀՀ-ի համար, ըստ նրա` եղավ այն, որ մեր երկիրը պետք է սկսի բարձրացնել իր դիմադրողականությունն ու մրցունակությունը, ինչպես նաեւ` դիվերսիֆիկացնի տնտեսությունը:
«2009թ.-ն Հայաստանի համար դժվար տարի էր, քանի որ տնտեսությունը մեծ հարված ստացավ ճգնաժամի արդյունքում: Դրա պատճառներից մեկն այն էր, որ տնտեսական աճը պայմանավորված էր միայն շինարարությամբ եւ հանքարդյունահանությամբ: 2009թ.-ին Հայաստանն, այսպես ասած, դեռ չի կարողացել մարսել ցեմենտը, այսինքն` դեռ կան կիսակառույց շենքեր, իսկ կառուցված շենքերում էլ շատ են չգնված բնակարանները, օրինակ` Հյուսիսային պողոտայում»,- իր խոսքում ընդգծեց Արիստոմենե Վարուդակիսը:
Ինչ վերաբերում է 2010թ. տնտեսական կանխատեսումներին, ապա նրա վստահեցմամբ` դրանք շատ ավելի դրական են` տնտեսական ավելի մեղմ` ՀՆԱ-ի 1,5 տոկոս աճ, չափավոր գնաճ եւ այլն: