Պետական պարտքի բեռի նվազեցում է կանխատեսվում․ Ատոմ Ջանջուղազյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, ամփոփելով 2020 թվականի պետական բյուջեի քննարկումները, առանձնացրեց հիմնական ցուցանիշները։
Ըստ նախարարի՝ ուշադրության արժանի է հարկային քաղաքականության բարեփոխումների մեկնարկը։ Նրա համոզմամբ՝ ուղղակի հարկային բեռի նվազեցումը կբարձրացնի տնտեսության մրցունակությունը։
Մյուս ցուցանիշը՝ մարդկային կապիտալում ներդրումների մակարդակի էական բարելավումն է։
Ա․ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ առողջապահության բնագավառում 22 տոկոս ծախսերի աճ է կանխատեսված, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառին հատկացվող ծախսերն ավելի քան 11 տոկոսով ավելանալու են, գրեթե նույնքան ավելանալու է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցառումների համար նախատեսվող ֆինանսավորումը։
Նախարարի հավաստմամբ՝ զուգահեռ նաև կանխատեսվում է, որ պետական պարտքի բեռի նվազեցում կլինի։ Նրա խոսքերով՝ կանխատեսվում է, որ կարվեն ավելի շատ կապիտալ ծախսեր, քան պետական պարտքի ներգրավում։
Ցուցանիշներն ամփոփելով թվային արտահայտությամբ՝ Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ 2020 թվականի բյուջեով նախատեսվում է 1 տրիլիոն 698 մլրդ դրամ եկամուտ և 1 տրիլիոն 880 մլրդ դրամ ծախս։