Միայն այս տարի ՀՀ-ում 39 անչափահաս աղջիկ ենթարկվել է սեռական բռնության (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում այդպես էլ ամբողջովին չեն բացահայտվում սեռական բռնության դեպքերը։ Ըստ իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի՝ սեռական բռնության ենթարկվածը հաճախ դառնում է հանրային պարսավանքի զոհ։ Այդպես չհագնեիր, պահվածքդ է պատճառը, -ահա այսպես է, ըստ իրավապաշտպանի, հանրությունը արձագանքում սեռական բռնության մասին հայտարարությանը՝ այդպես էլ չմեղադրելով իրական բռնարարին։ Կարծրատիպերի պատճառով կինը չի դիմում ոստիկանություն, վիճակագրությունն էլ մնում է թերի։
Զարուհի Հովհաննիսյանը մեջբերում է ոստիկանության տվյալները, որոնք, եթե անգամ, ըստ նրա, իրականությունն ամբողջովին չեն ներկայացնում, արդեն իսկ մտահոգիչ են։
ՀՀ ոստիկանության տվյալներով՝ Հայաստանում՝ 2019 թվականի առաջին 8 ամսվա ընթացքում իգական սեռի 74 ներկայացուցչի նկատմամբ կատարվել է սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություն:
Նման հանցագործություն է կատարվել 40 անչափահասի նկատմամբ, որոնցից 39-ը եղել են աղջիկներ։
Նոյեմբերի 25-ը կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրն է։ Այս օրը մեկնարկում է Ընդդեմ գենդերային բռնության ամենամյա 16-օրյակը, որի առանցքում այս տարի սեռական բռնության և բռնաբարության խնդիրն է։
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ կանանցից յուրաքանչյուր չորրորդը ենթարկվում է սեռական բռնության՝ իր զուգընկերոջ կողմից, դեռահաս աղջիկների 1/3 խոստովանում է, որ իրենց առաջին սեռական հարաբերությունները եղել են պարտադրված: