Նիկոլ Փաշինյանի տարած գիծն իր մեջ վտանգներ չի պարունակում․ Ստեփան Գրիգորյանը՝ Արցախյան հիմնախնդրի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի և Ղազախստանի դեսպանատան նախաձեռնությամբ կազմակերպվել էր կլոր սեղան «Կառուցողական երկխոսություն․ Ղազախստանի կայունության և բարգավաճման հիմքը» վերտառությամբ։
Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքական գործիչ Ստեփան Գրիգորյանը զրուցեց «Ա1+»-ի հետ։
Նախաձեռնած կլոր սեղանի մասով Գրիգորյանն ասաց, որ այն նվիրված է երկու հարցերի․ Ղազախստանի նոր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկայևի ուղերձ-ծրագրին և հայ-ղազախական հարաբերություններին։ «Մենք պետք է հասնենք նրան, որ մեր պետությունը լինի լսող պետություն»,- Ղազախստանի նախագահի ուղերձից մի դրվագ առանձնացրեց Գրիգորյանը՝ նկատի առնելով, որ պետությունը պետք է լսող լինի հասարակությանը։
Քաղաքական գործիչը որպես իշխանությունների և պետության կողմից հասարակությանը չլսելու օրինակ բերեց Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած ապրիլ-մայիսյան իրադարձությունները։ «Ղազախներն այդ հարցերին մեծ տեղ են տալիս։ Իրենք ուզում են ստեղծել մի պետություն, որտեղ որ ավելի ուշադիր լսում են հասարակությանը»,- ընդգծեց կենտրոնի ղեկավարը։
Նոյեմբերի 20-ին Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարի ժամանակ Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում ասել էր, որ «այսօր արդեն ավելի ու ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ»։ Նույն ժամաժողովի ժամանակ Եվրախորհրդի գործող նախագահ, ԵԺԿ նորընտիր և ԵԺԿ անդամ լեհական «Քաղաքացիական հարթակ» կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դր Լայենը հայտարարել էին պոպուլիստների դեմ պայքարի մասին։
«Ա1+»-ը Գրիգորյանից հետաքրքրվեց, թե այս ելույթները որքանո՞վ են իրար կապված։ «Զագրեբում իր ելույթը հակապետական գործչի ելույթ էր։ Միգուցե նա չի հասկանում, ես փորձում եմ հուշել։ Քննադատել նույնիսկ իշխանություններին պետք է, նորմալ է։ Բայց գիտեք՝ իրենք չէ, որ պետք է քննադատեն Նիկոլ Փաշինյանին։ Իրենք չէ, որ պետք է բերան բացեն։ Էս վիճակին իրենք հասցրեցին»,- նշեց քաղաքական գործիչը։
Կենտրոնի ղեկավարը նշեց, որ Սերժ Սարգսյանն իր ելույթում սկսեց ստեր ասել միջազգային հանրությանը․ Նիկոլ Փաշինյանը պոպուլիստ չէ, աշխատանքի մեջ պոպուլիստական տարրեր կան, սակայն կոնկրետ քայլեր է անում կոռուպցիայի դեմ պայքարում, ռեֆորմներում։ «Փորձը, որ ինքն (Սերժ Սարգսյան – հեղ․) ուզում էր ցույց տալ, որ իբր մյուս լիդերները, որ խոսում են պոպուլիզիմի դեմ, համընկնում է իր կարծիքի հետ, ուղղակի փորձ էր մեզ շփոթեցնելու համար։ Ո՛չ պարոն Տուսկը, ո՛չ այլ լիդերները Հայաստանի դեմ, նոր իշխանությունների դեմ բան չունեն։ Ուրիշ բան, որ իրենք ուզում են հասկանալ այդ պրոցեսները, ավելի շատ ուզում են ինֆորմացիա ունենալ, դա ուրիշ խնդիր է»,- ընդգծեց նա։
Վերջում Արցախյան հիմնախնդրին անդրադառնալով՝ Ստեփան Գրիգորյանն ասաց, որ մտահոգություններ չի տեսնում, և Նիկոլ Փաշինյանի տարած գիծն իր մեջ վտանգներ չի պարունակում։
Մանրամասները՝ տեսանյութում