Ի՞նչ դերակատարում ունի քաղհասարակությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր տեղի ունեցավ «Դրական փոփոխություն՝ քաղաքացիական հասարակության հզորացման միջոցով» երկամյա դրամաշնորհային ծրագրի ավարտին նվիրված միջոցառումը։
Ծրագրի նպատակն էր աջակցել Հայաստանի քաղաքացիական հասարակությանը, նոր և համեմատաբար վերջերս ստեղծված կազմակերպություններին՝ առավել արդյունավետ իրականացնելու մարդու իրավունքների խախտումների մշտադիտարկումը և ներկայացումը։
Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը ընդգծեց, որ նախորդ տարի Հայաստում տեղի ունեցած իրադարձություններում քաղհասարակությունն ունեցել է իր լուման՝ առաջ քաշելով նախկին համակարգի հետ կապված մտահոգությունները․
«Եթե ունես իշխանություն, որին ընդդիմանում ես և ասում, որ ինքը ժողովրդավար չէ, իրավունքի գերակայությունը չի պահպանում, ավելի հեշտ է, քան երբ ունենաս կառավարություն, որը գնում է ճիշտ ուղղությամբ, և միգուցե քաղհասարակության քննադատական ձայնի կարիքը չունի»։
Դիմելով քաղհասարկության ներկայացուցիչներին դեսպանը նշեց․
«Ես կուզեի լսել, թե դուք ինչպե՞ս եք մտադիր էլ ավելի մեծ ակտիվություն ցուցաբերել և Ձեր շարքերն ընդգրկել կազմակերպություններին և անհատներին»։
Ծրագրի գործընկեր «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն ընդգծեց ․
«Մենք այս ծրագիրը սկսել ենք իրականացնել դեռ նախքան հեղափոխությունը և նպատակները, խնդիրները, որ մենք փորձում էինք լուծել՝ ուրիշ էր»։
Մինասյանի խոսքերով՝ նախքան հեղափոխությունը իրենց գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում սևեռված էր մոնիթորինգին՝ այն պատճառով, որ իսկապես, ժխտողական, մերժողական մոտեցում կար իրավունքի խախտման, արդարադատության անհասանելիության, սոցիալական անհավասարության հարցերի շուրջ, և դրանց վեր հանումը դժվար աշխատանք էր․
«Ամենադժվար աշխատանքը նախահեղափոխական շրջանում այն էր, որ մարդու իրավունքների շուրջ ջատագովությունը, եթե որևէ ուշադրության արժանանում էր մամուլի կողմից, ապա դա հեգնանքն էր»։
Լարիսա Մինասյանի գնահատմաբ՝ այսօր իրավիճակը ակնհայտորեն փոխվել է՝ հանրության և Կառավարության հարաբերություններում վստահության աստիճանը բավականին բարձր է, սակայն վերջին մեկ տարում, ամենադժվար խնդիրը, որ իրենք բախվել են՝ ոչ փաստացի և փաստի հետո որևէ կապ չունեցող լրատվությունն է, որն այսօր մեծագույն տարածում ունի․
«Եթե առաջներում մարդու իրավունքների պաշտպանությունը հեգնանքի էր արժանանում բավականին ճնշված լրատվամիջոցների կողմից, ապա հիմա կա մի զանգված, որը խեղաթյուրում և նենգափոխում է այս աշխատանքը և լուրջ վտանգ է ներկայացնում հասարակության՝ իր ուժերի մեջ վստահության, կառավարության, հեղափոխության հաջողության վստահության մասով և այդ պատճառով լրագրողների միսիան դառնում է շատ կարևոր ՝ իսկապես լուսաբանել փաստերը, իսկապես ապահովել բազմակարծությունը և ոչ թե բազմաթիվ և բազմազան տարբեր ոչ փաստերի տարածումը»,- ասաց Լարիսա Մինասյանը։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակրգող Դանիել Իոաննիսյանն էլ ընդգծեց, որ հեղափոխությունը քաղհասարակության աշխատանքի վրա էական փոփոխություն բերեց․
«Նախկինում իշխանությունների հետ համագործակցության հող գրեթե չկար, էպիզոդիկ ոլորտներում էպիզոդիկ հաջողություններ արձանագրվում էին, բայց դրանք ավելի շատ բացառություն էին, քան թե կանոն»։
Հեղափոխությունից հետո, ըստ Իոնաննիսյանի, իշխանությունները ևս արձանագրեցին առկա խնդիրները և քաղհասարակությունից ակնկալում են լուծման ուղիներ․
«Մի կողմից պետք է իշխանությունների հետ համագործակցես և աջակցես ժողովրդական բերփոխումների հարցում, մյուս կողմից պետք է վերահսկողի դերը չթողնես և երբ տեղին է՝ քննադատես»։
Իոաննիսյանի խոսքերով՝ քննադատելու առումով քաղհասարկության գործն այսօր ավելի դժվար է, որովհետև հասարակության լայն խավերը այդքան էլ չեն ողջունում իշխանության վերաբերյալ քննադատությունը, քանի որ իշխանությունն ունի լայն վստահություն․
«Մի քիչ դժվար է աջակցել և քննադատել միաժամանակ»։
Այնուամենայնիվ, Իոաննիսյանը կարծում է, քաղհասարակությունը, որպես ինստիտուտ, մեր երկրում ամենակայացած ինստիտուտներից է թե՛ հեղափոխությունից առաջ, թե՛ հեղափոխությունից հետո։