«Թուրքիան ավելի ակտիվ է, քան Մինսկի խումբը» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ոչ միայն կապ է տեսնում հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հիմնախնդրի միջեւ, այլեւ գտնում է, որ հայ-թուրքական հարաբերությունները ԼՂ հիմնախնդրի հետեւանք են: Իր տեսակետները Արամ Սարգսյանը հիմնավորեց «Ա1+»-ի հետ հարցազրույցում:
- Պարոն Սարգսյան, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ Երեւանում հայտարարեց, թե հայ-թուրքական հարաբերությունները եւ ԼՂ կարգավորման խնդիրները փոխկապակցված չեն, եւ փորձել արհեստականորեն կապել այս երկու խնդիրը, կոռեկտ չէ: Ինչպե՞ս եք գնահատում Լավրովի հայտարարությունը:
- Նախ ասեմ, որ Լավրովը կրկնել է ՌԴ վարչապետի խոսքը: 2 օր առաջ Պուտինը նույն բանն ասաց: Տարօրինակ կլիներ, եթե ՌԴ իշխանությունները հայտարարեին, թե այդ երկու խնդիրները պետք է լուծվի մեկ փաստաթղթով: Բայց նաեւ նույն Պուտինը, նույն Լավրովը պնդում են, որ այդ երկու խնդիրների լուծման հարցում էլ իրենք մեծ դերակատարություն ունեն, որ այդտեղ մեծ դերակատարություն ունի Թուրքիան: Ինչը շատ վտանգավոր է, քանի որ մինչեւ հիմա ԼՂ հիմնախնդրի լուծողը Մինսկի խումբն էր, եւ այդ հարցը դրված չէր որեւէ առանձին պետության վրա: Իմ խորին համոզմամբ, դա ուղղակի ջայլամի քաղաքականություն է: Նրանք փորձում են չտեսնելու տալ, որ այդ երկու խնդիրները փոխկապակցված են, եւ այդ փոխկապակցվածությունն ընթանում է հերթագայությամբ: Հայ-թուրքական հարաբերություններում լուծվել է փաստաթղթի հարցը, հիմա հերթը հասել է ԼՂ հիմնախնդրին եւ թե ՌԴ-ն, թե Թուրքիան խնդիր տանում են փաստաթղթի ստորագրմանը: Հաջորդ քայլը ԼՂ հարցով փաստաթղթի ստորագրումն է:
- ՌԴ ԱԳ նախարարը երեկ նաեւ ասել է, որ ԼՂ հարցում այս տարի ակնկալում է լուրջ առաջընթաց: Դա որքանո՞վ է իրատեսական:
- Ես խորապես համոզված եմ, որ ԼՂ հիմնախնդիրը կարգավորվելու դեպքում հայ-թուրքական հարբերությունների հետ կապված հարցերը լուծվելու են: Հայ-թուրքական հարաբերությունները ԼՂ հիմնախնդրի հետեւանք են: Հետեւաբար ՀՀ այսօրվա իշխանությունները չունեն այնքան ռեսուրս, որ Թուրքիայի հետ հավասարը հավասարի հետ նստեն եւ բանակցություններ վարեն: Իրենք պետք է առաջին հերթին ԼՂ հիմնախնդիրը լուծեն: Նրանք Թուրքիայի հետ գնացին բանակցությունների իրենց լեգիտիմության հետ խնդիրներ ունենալու, երկրում արդարության, ժողովրդավարության հետ խնդիրներ ունենալու պատճառով: Թուրքիայի հետ բանակցությունների գնալուց հետո, այդ դաշտը մտնելուց հետո ԼՂ հարցում Թուրքիան ավելի ակտիվացավ, քան Մինսկի խումբը: Պատմության դասերը ցույց են տվել, որ երբ ռուս-թուրքական հարաբերությունները բարելավում են եւ համագործակցությունը խորանում է, դա տեղի է ունենում Հայաստանի հաշվին: Այսօր դրա մեղավորը ՀՀ իշխանություններն են հայ-թուրքական հարաբերություններում իրենց անհեռատես ֆուտբոլային դիվանագիտությամբ:
- Սերգեյ Լավրովը, Երեւանում պատասխանելով հայ լրագրողների հարցերին, նաեւ ասել է, որ Թուրքիայի հետ ՌԴ-ի էներգետիկ շահը չի կարող ավելի բարձր լինել, քան ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այս խոսքերը Ձեզ հավատ ներշնչո՞ւմ են:
- Ես համոզված եմ, որ տարածաշրջանում չի կարող լինել կապիտուլյացված երկիր: Կապիտուլյացված երկիրը ձեռնտու չէ ոչ ԱՄՆ-ին, եւ ոչ էլ ՌԴ-ին: Ավելին, ես համոզված եմ, որ երբեք բանակցություններ չեն վարվելու այն մասին, թե ԼՂՀ-ն կարող է Ադրբեջանի մաս կազմել: Ես բացառում եմ, որ որեւէ հայ իշխանավոր նման բանակցություններ վարի: Խնդիրը այլ է, թե որքանով տվյալ լուծումը կարող է նպաստել ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի շահերին: Թուրքիայի մասնակցությունը ԼՂ հիմնախնդրի բանակցություններին էլ ավելի է բարդացնում ԼՂ հիմնախնդրի կարգավորումը: Այստեղ ես չեմ բացառում, որ ԱՄՆ-ն եւ ՌԴ-ն Թուրքիայի ախորժակի զսպման միջոցառումներ կիրառեն' անկախ նրանից, թե ովքեր են ՀՀ իշխանությունները: Դա նրանք կանեն միայն' իրենց շահերից ելնելով:
- Սահմանադրական դատարանը սահմանադրական ճանաչեց հայ-թուրքական արձանագրությունները, սակայն ՀՀ ԱԺ-ն, ըստ ՀՀԿ խոսնակ Շարմազանովի, չի պատրաստվում վավերացնել արձանագրությունները եւ սպասում են, որ Թուրքիան վավերացնի: Ո՞րն է դրա նպատակը:
- Ինձ նախ զարմացրեց, որ ՍԴ-ն երեք ամիս ժամանակ ունենալով հանդերձ' մի քանի ժամվա ընթացքում որոշում կայացրեց: Այստեղ հստակ երեւում է որոշակի պայմանավորվածություն, արտաքին ճնշման ազդեցություն, որի բացատրությունները պետք է տան ՀՀ իշխանությունները: Կարծում եմ, որ որոշ ժամանակ հետո այդ ճնշումներն հասարակության համար կդառնան ակնհայտ: Ակնհայտ է նաեւ, որ այդ ճնշումները տանելու են ԼՂ հարցում հնարավորինս արագ փաստաթղթի ստորագրմանը: Բազմաթիվ միջազգային վերլուծաբաններ տեսակետներ են հայտնում, որ հայ-թուրքական հարաբերությունները եւ ԼՂ հիմնախնդիրն այս տարվա մեջ կարգավորվելու են' ներառյալ 5 տարածքներից հայկական զորքերի դուրս բերումը:
- Դուք չպատասխանեցիք իմ այն հարցին, թե մեր ԱԺ-ն ինչո՞ւ չի վավերացնում արձանագրությունները' դրան սահմանադրական ճանաչվելուց հետո:
- Հայաստանն այսօր անկանխատեսելի երկիր է եւ շատ հնարավոր է, որ հենց վաղն էլ սկսի քննարկել արձանագրությունները: Դա կախված է արտաքին խնդիրների զարգացումներից:
- Իսկ ի՞նչ է պատրաստվում անել ընդդիմությունը: Դուք նշում եք իշխանությունների բոլոր սխալները, դրանով Հայ Ազգային Կոնգրեսը բավարարվելո՞ւ է:
- Բացառապես ոչ: Ինձ համար թե ԼՂՀ-ն եւ թե ՀՀ-ն իմ հայրենիքն են: Նույնիսկ ամենափոքր պարտությունը հոգու ցավ է եւ դա արտահայտվելու է քաղաքական միջոցներով, այդ թվում' հանրահավաքներով: ԼՂ հարցով Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ հղկված տեսակետ է ներկայացրել: ԼՂ հարցում մեր հիմնական տեսակետն այն է, որ մենք կընդունենք այն լուծումը, որն ընդունելի կլինի ԼՂՀ-ի բնակչության համար: Եթե Ղարաբաղի ժողովրդին Սերժ Սարգսյանի ներկայացրած լուծումը չբավարարի, մենք միանշանակ, ինչպես 1988թ. թիկունք ենք կանգնելու Ղարաբաղի ժողովրդին եւ մեր մասով լուծումներ ենք տալու:
- Վերջին հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ հաջորդ հանրահավաքը լինելու է մարտի 1-ին: Դրանից շուտ Կոնգրեսը զանգվածային միջոցառումներ չի՞ նախատեսում:
- Ես էլ եմ այն կարծիքին, որ ավելի շուտ էլ հնարավոր է հանրահավաք անցկացնել: Վերջին զարգացումները նման հիմքեր են տալիս: Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ը նշել է որպես ֆիքսված օր' անկախ որեւէ քաղաքական զարգացումներից: Ես հնարավոր եմ համարում, որ մինչեւ մարտի 1-ը հանրահավաք լինի: Առաջիկայում սպասվում է Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը եւ ես կարծում եմ' ականատես կլինենք իրավիճակների, որոնք մեզ կստիպեն փողոց դուրս գալ: Այսօրվա հասարակության քաղաքական ակտիվություն բերելու է նրան, որ Հայաստանում նախագահի արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու: Ես դրանում կասկած չունեմ, ես համոզված եմ, որ գործող նախագահը չի հասնելու իր պաշտոնավարման ավարտին:
- Ե՞րբ է լինելու Ձեր ասած Նախագահի արտահերթ ընտրությունները:
- Կոնկրետ ժամանակ որեւէ մեկը չի կարող նշել: Աստծո կամքով, որքան շուտ, այնքան լավ:
Հարցազրույցը վարեց Վիկտորյա Աբրահամյանը