Ափսոսում ենք, որ ադրբեջանական կողմից դեռևս նույնաբովանդակ փոխադարձ հայտարարություն չի արվել․ Կոնստանտին Կոսաչով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովում տեղի է ունեցել Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստ։ Հայ և ռուս խորհրդարանականները համատեղ նիստից հետո մամուլի համար հանդես եկան հայտարարությամբ:
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրեց, որ համատեղ նիստում քննարկվել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակի, միջազգային անվտանգության, հայ-ռուսական հաարբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հարցեր։
«Պետք է նշեմ, որ հայ-ռուսական հարաբերությունների դինամիկան գնահատել ենք դրական, նույնը վերաբերում է մեր միջխորհրդարանական համագործակցությանը»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը։
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը նշեց, որ Խորհրդում գործնականում չկան այդպիսի ինտենսիվ կապեր օտարերկրյա գործընկերների հետ, ինչպես Հայաստանի հետ է։ Միևնույն ժամանակ նա նշեց, որ մտերիմ հարաբերություններ պահպանվում են նաև Ղազախստանի հետ:
«Բայց ոչ մեկի հետ, ներառյալ ձեր մերձավոր հարևանները, և դա շատ բան է ասում»,- ասաց Կոնստանտին Կոսաչովը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ Կոնստանտին Կոսաչովը նշեց, որ ռուսական կողմը կարևորում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությունը, որ ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է հաշվի առնվի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումներն ու հետաքրքրությունները։
«Մենք ափսոսանք ենք հայտնել, որ ադրբեջանական կողմից այս մասով դեռևս նույնաբովանդակ փոխադարձ հայտարարություն չի արվել: Հույս ունենք, որ դրանք անպայման կհնչեն: Սա շատ կարևոր կլինի հակամարտության լուծման տեսանկյունից», - շեշտեց նա: