Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-zas7rXWxFb
A A
Քաղաքականություն

Արդյունք եղել է այն ժամանակ, երբ Բաքուն ուղղակիորեն խոսել է Ստեփանակերտի հետ․ Հայկ Խանումյանը՝ ԼՂ հիմնախնդրի մասին

Հայաստանի իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը շատ հասկանալի ու ըմբռնելի է, կարծում է Հայկ Խանումյանը։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ «Ա1+»-ը զրուցել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» խմբակցության ղեկավար, միջազգայնագետ, 2020 թվականին ԱՀ նախագահի թեկնածու Հայկ Խանումյանի հետ։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ պետք է այնպիսի լուծում լինի, որ ընդունելի լինի թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի, թե՛ Ադրբեջանի ժողովուրդների համար։

Ըստ Խանումյանի՝ սա տեսական բանաձև է, այն հաճախակի կրկնելու դեպքում Ադրբեջանը մեծ հոգեբանական զիջումների գնացած կլիներ, և բնականաբար դա երբեք Ադրբեջանի իշխանությունները չեն կարող ասել, ինչ էլ հնարավորություն է տվել Հայաստանին միջազգային հանրությանը ցույց տալ, որ Ադրբեջանը ապակառուցողական ուղու վրա է։

Սակայն պատգամավորի խոսքերով՝ էականն այն է, որ լայն թափով սպառազինությունների գնում է տեղի ունենում  Հայաստանի կողմից, տեղի է ունենում պաշտպանունակության մակարդակի բարձրացում, բանակում որոշակի փոփոխություններով։ 

«Ինչը նաև հնարավորություն է տալու հետաձգել պատերազմը մի քանի տասնամյակով և Արցախում իրականացնել ենթակառուցվածքային աշխատանքներ, որոնց կարիքն Արցախն ունի։ Հետևաբար կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը շատ հասկանալի, ըմբռնելի է և բավականին ընդունելի է, քանի որ նպատակը պատերազմը հետաձգելը և Արցախը զարգացնելն է»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։

Դիտարկմանը, որ կարծիքներ կան, թե Փաշինյանի վերոնշյալ հայտարարությունը հակասում է ինքնորոշման սկզբունքին և հնարավոր է․ որ Արցախի ժողովրդի ինքորոշումն ընդունելի չլինի Ադրբեջանի ժողովրդի համար, պատգամավորը պատասխանեց, որ Փաշինյանն ասել է ոչ թե Ադրբեջանի իշխանությունների, այլ ժողովրդի համար։ Պատգամավորը նշեց, որ  պետք է համոզել Ադրբեջանի ժողովրդին այն բանում, որ ինչը որ որոշել է Արցախի ժողովուրդը, ուրեմն պետք է ընդունելի լինի նաև նրա համար։ 

«Որովհետև դա հնարավորություն է տալու պատերազմից զերծ հասարակություն ունենալ և փորձել զարգանալ։ Որովհետև իրականում իրենց ավտորիտար իշխանությունն օգտագործում է Արցախի խնդիրը նույն ժողովրդին ճնշելու, նույն ժողովրդին թալանելու համար։ Հետևաբար նաև այդ միտքը պետք է ներարկենք հասարակության մեջ, որ իրենց դժբախտության պատճառը ոչ թե Արցախը կամ Արցախի ժողովրդի դիրքորոշումն է, այլ ադրբեջանական իշխանությունների որակը»,- պարզաբանեց միջազգայնագետ պատգամավորը։

Հայաստանի արտգործնախարարությունը հերքել էր, որ Բրատիսլավայում բանակցությունների սեղանին հակամարտության կարգավորման փաստաթղթի շուրջ բանակցություններ են ընթացել, սակայն ադրբեջանական կողմը նշում է, որ եղել է բանակցվող փաստաթուղթ, իսկ Ազգային Անվտանգության պետական վարչության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանն այսօր համոզմունք էր հայտնել, որ բանակցություններն ընթացել են «փուլ առ փուլ» տարբերակի շուրջ։

Այս մասով Խանումյանն ասաց, որ հավատում է հայկական կողմի պաշտոնական հայտարարությանը, և ոչ թե ադրբեջանական կողմի հայտարարությանը, Դավիթ Շահնազարյանի պնդմանը։ 

Ադրբեջանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Զակարի Գրոսսը դեկտեմբերի 18-ին իր թվիթերյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ տպավորված է «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» հետ հանդիպումից։

Անդրադառնալով դեսպանի այս գրառմանը՝ «Ազգային վերածնունդ» խմբակցության ղեկավարն ասաց, որ դա խոսում է տգիտության մասին, և որ դեսպանը դարձել է ադրբեջանական պրոպագանդայի օբյեկտ։ 

Հարցին, արդյոք չի՞ կարելի սա դիտարկել որպես համանախագահող երկրներից մեկի՝ Ֆրանսիայի կողմից կատարած քաղաքական քայլ բանակցություններում, պատասխանեց․ «Սխալ է թույլ տվել, լավ տեղյակ չէ խնդրից։ Ի վերջո, ես կարծում եմ, որ այդ հարցի վրա պետք չէ այդքան կենտրոնանալ, որովհետև դա ընդամենը Ադրբեջանի ցանկությունն է»։ 

Դիտարկմանը, որ Ադրբեջանը շարունակ վերազինվում է և հարցին, թե արդյոք պատերազմի վերսկսման վտանգն ավելի՞ է մեծացել, պատասխանեց․ «Վերջին տարվա ընթացքում Հայաստանի կողմից սպառազինության ձեռքբերումը թույլ կտա հետաձգել պատերազմի վերսկսումը։ Ցավոք սրտի, մեր խնդիրը, ոչ թե սպառազինության ձեռք բերման համար գումարն է, այլ՝ կորցրած ժամանակը։ Որովհետև Սերժ Սարգսյանի իշխանության կողմից հանցավոր անփութություն է եղել սպառազինությունների ձեռքբերման ասպարեզում, ինչ հետևանքով Ապրիլյան պատերազմ եղավ, խախտվեց ուժերի բալանսը, և այժմ այդ բալանսը կարգավորվում է»։  

Խանումյանն ասաց, որ հաճախակի այցելում է Պաշտպանական բանակի տարբեր զորամասեր, լուրջ փոփոխություններ է տեսել բանակում՝ սպառազինության հագեցվածության, բանակային ենթակառուցվածքների, զինծառայողներ տրամադրության բարձրացման առումով, հատկապես պայմանագրային զինծառայողների, որոնց աշխատավարձերը զգալիորեն բարձրացել են։  

Հարցին, թե Արցախի սուբյեկտայնության բարձրացման և բանակցային սեղան վերադառանալու համար ի՞նչ քայլեր պետք է կատարվեն, պատասխանեց, որ առաջին հերթին Արցախում պետք է լինեն նորմալ իշխանություններ։

«Այդ քայլերը պետք է կատարվեն Արցախի ներսում։ Այսինքն՝ երբ որ սկսենք այստեղ հարմար ենթակառուցվածքներ կառուցել, երբ որ սկսի այստեղ բնակչությունը շեշտակի աճել, այդ ժամանակ էլ արդեն շատերի մոտ ցանկություն կառաջանա զրուցել Ստեփանակերտի հետ։ Երբ որ այդ ամեն ինչը չկա, բնականաբար որևէ մեկը չի կարող ընդունել, իմաստ չի տեսնի Ստեփանակերտի հետ խոսել։ Բայց պետք է նկատենք, որ Արցախի խնդրի շուրջ, պատերազմի ընթացքում, դրան հետևած առաջին տարիներին արդյունք եղել է այն ժամանակ, երբ որ Բաքուն ուղղակիորեն խոսել է Ստեփանակերտի հետ»,- եզրափակեց պատգամավորը։