Բացել լրահոսը Փակել լրահոսը
Շարմազանով Էդուարդ
A A
Քաղաքականություն

2019-ը պետական ինստիտուտների վրա հարձակման տարի էր. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)

2019-ը Նիկոլ Փաշինյանի և իշխանության կողմից չիրականացված խոստումների և պետական կառույցների վրա հարձակման տարի էր. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա կարծիքով՝ մեկ տարի անց առկա են չիրականացված խոստումներ, չկա ներգաղթ, չկան ներդրումներ, չկա տնտեսական լուրջ հեղափոխություն:

«ՀՀԿ-ն իր գործունեության ընթացքում ունեցել է երկնիշ տնտեսական աճ 10 ու կես տոկոս, իսկ Փաշինյանի ժամանակ այն 4.9% է: Տնտեսական հեղափոխությունը միֆ է, Փաշինյանը, որ հայտարարում էր, որ կա 3մլն վարչապետ, հիմա վարչապետերից թաքուն բարձրացնում է աշխատավարձեր: 10ամսվա ընթացքում 14անգամ պրեմիաներ են տրվել, տեսանք նաև չարդարացված ծախսեր՝ ամառանոցը վերանորոգելու, գորգ լվալու համար, սա է ձեռքբերումը չակերտավոր»:

Էդուարդ Շարմազանովն ասում է՝ անցյալ տարի Իրանում Նիկոլ Փաշինյանը խոսել է օտարերկրյա գործակալների մասին, սական մինչ օրս որևէ օտարերկրյա գործակալի չեն հայտնաբերել:

«Հաջորդ աբսուրդային հայտարարությունը ռուսաստանցի լրագրողների հետ էր, երբ տեղեկացանք, որ նժդեհը Սարդարապատում պայքարել է Մարշալ Բաղրամյանի հետ: Աբսուրդային հայտարարությունները շատ են: 2019 թվականը պետական ինստիտուտների վրա հարձակման տարի էր: Երբ Քոչարյանին դատարանն ազատ արձակեց, Փաշինյանը հայտարարեց շրջափակելու մասին դատարանը և մյուս օրը ինքը ևս մասնակցեց ակցիային, որը հակասահմանադրական է: Մենք տեսանք հարձակումներ Սահանադրական դատարանի դատավորների վրա: Իսկ հիմա օրենսդրական նախաձեռնությամբ փորձ են անում կաշառել դատավորներին»:

ՀՀԿ խոսնակը նշեց, որ Արցախյան հարցը իրենց համար առանցքային է և միշտ եղել է իրենց ուշադրության կենտրոնում:

«Դժբախտաբար չենք կարող արձանագրել, որ Արցախյան հարցով եղել է ձեռքբերումների տարի, բայց Նիկոլ Փաշինյանի անհեռատես հայտարարությունները վնաս են բերել հայկական կողմերին: Փաշինյանը չի արտաբերել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում: Լևոն Տեր-Պետրոսյանը նշում է, որ ինքը դեմ չի, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, հիմա ինչն է խանգարում Փաշինյանին դա ասելու: Կարող ենք չէ՞ նման բան եզրակացնել, քանի որ հստակ գնահատական չի տրվել: Ավելին, այսօր հրապարակ է նետվել ադրբեջանական համայնք բառակապակցությունը»:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Հանրապետական կուսակցության համար սա նոր շրջան է՝ լինելու կառուցողական և արտախորհրդարանական ընդդիմություն:

«Սոցիոլոգիական հարցումներով՝ մարդիկ ընդդիմադիր ուժ տեսնում են Հանրապետական կուսակցությունը: Այն շարունակում է մնալ ամենաընդդիմադիր քաղաքական ուժը: Մենք ի սկզբանե կլինենք ակտիվ հակառակորդներ այս իշխանությանը: Մենք կարծում ենք, որ 2020 թվականին պետք է արագ ընտրություններ սկսվեն, որպեսզի մեր պառլամենտը դեֆորմացված չլինի և աշխատի երեք հինգերորդի շեմը: Այժմ ընդդիմությունը որևէ լծակ չունի իշխելու և չափավորելու իշխանությանը»,- ասաց նա: