Բացել լրահոսը Փակել լրահոսը
79896702_631372657401640_5355352381594796032_n
A A
Քաղաքականություն

Իրավական հարց է․ դեսպան Կոպիրկինը՝ Հայաստանից մեկնած նախկին պաշտոնյաններին արտահանձնելու մասին (տեսանյութ)

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի դիտարկմամբ՝ Հայաստանից մեկնած նախկին պաշտոնյաններին, որոնց նկատմամբ մեղադրանքներ են հարուցված, արտահանձնելու կամ չարտահանձնելու հարցը իրավական է, ոչ թե քաղաքական։ Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց դեսպանը՝ ի պատասխան լրագրողի հարցին, թե ինչո՞ւ Ռուսաստանը չի արտահանձնում նրանց, և ինչպե՞ս է դա ազդում հայ-ռուսական հարաբերությունների վրա։

«Կարծում եմ` Հայաստանի գլխավոր դատախազը բավականին հստակ է արտահայտվել այս թեմայով՝ միայն Ռուսաստան չեն մեկնում, մեկնում են այնտեղ, որտեղ ավելի նպատակահարմար, բարենպաստ են համարում։ Ես չէի առանձնացնի Ռուսաստանը»,- ընդգծեց Սերգեյ Կոպիրկինը՝ հավելելով, որ նրանց արտահանձնել-չարտահանձնելու հարցը պետք չէ քաղաքականացնել։

«Սա նախ և առաջ իրավական հարց է, որը պետք է լուծվի և լուծվում է մեր երկրների համապատասխան իրավասու մարմինների մակարդակով»,- նշեց նա։

Հայաստանում Ռուսաստանի դեսպանի խոսքով՝ սա այն հարցը չէ, որը պետք է նշանակություն ունենա երկկողմ հարաբերությունների համար։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում են գտնվում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը։