Բարեփոխումը կարող էր հանգեցնել նրան, որ որոշ հեռուստաընկերություններ կդադարեցնեին գործունեությունը․ Վ․Թևոսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀեռուստատեսության և ռադիոյի մասին առկա օրենքի տարբերակը փոփոխությունների կարիք ունի՝ պայմանավորված ինչպես տեխնիկական պատճառներով, այնպես էլ տեսալսողական մեդիածառայությունների ոլորտում վերջին տարիներին ի հայտ եկած մի շարք իրողությունների արձանագրումով։
Ազգային ժողովում տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ Հեռուստատեսության, ռադիոյի, մամուլի եւ տեղեկատվության ոլորտների ենթահանձնաժողովի նախագահ Վահագն Թևոսյանը։
Ըստ նրա՝ օրենքում փոփոխությունները միտված պետք է լինեն ոլորտը բարեփոխելուն։
«Այսօրվա դրությամբ հանրապետական ծածկույթով վերգետնյա թվային հեռարձակում իրականացնող միակ ենթակառուցվածքը «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն է, որը 100% պետական բաժնեմաս ունի և սահմանափակ թողունակությամբ հնարավորություններ՝ այնքան, որքան այս պահին ՀՀ-ում սփռում իրականացնող հեռուստաընկերությունների քանակն է: Թողունակությունը մեծացնելու համար պետք են բյուջետային ներդրումներ, ինչի նպատակահարմարությունն այսօր չի դիտարկվում։ Պետական ցանցի ենթակառուցվածքից օգտվելով՝ այսօր Հայաստանում եթեր ունեն 22 հեռուստաալիքներ, որոնցից միայն 6 ունեն հանրային կամ միջպետական պայմանագրով հեռարձակվող հեռուստածրագրեր, մնացած 16-ը մասնավոր հեռուստաընկերություններ են, ընդ որում՝ հինգն ունեն հանրապետական սփռում: Այստեղ իրավիճակը, որը կարող է մտահոգություն առաջացնել, վերաբերում է խոսքի ազատության և կարծիքի տարածման հետ անմիջապես առնչվող ընկերությունների փաստացի կախվածությանը՝ 100%-ոց պետական ենթակառուցվածքից»,- իր ելույթում նշեց Վահագն Թևոսյանը։
Նա հիշեցրեց, որ նախորդ տարի մեդիաոլորտի երեք հեղինակավոր հասարակական կազմակերպություններ՝ «Երեւանի մամուլի ակումբը, «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն» եւ «Մեդիանախաձեռնությունների կենտրոնը» ԱԺ հանձնաժողովին ներկայացրել են «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը, որը, սակայն, ոչ միանշանակ ընդունվեց մեդիահանրույթի կողմից։
«Այս նախագծով առաջարկվում էր որոշ խիստ արմատական փոփոխություններ իրականացնել ոլորտում։ Մասնավորապես՝ հանրային հեռարձակման թվային ցանցից դուրս մղելով մասնավոր հեռուստաընկերություններին, ստիպել նրանց միասնաբար ստեղծել մասնավոր մուլտիպլեքս։ Գաղափարը միտված էր հենց տեխնիկապես անկախ հեռարձակման միջավայրի ստեղծմանը»,- նշեց Վահագն Թևոսյանը, ապա հավելեց, որ հենց այս գաղափարին դեմ գնաց հեռուստաընկերությունների հանրույթը։
«Հիմնական խնդրահարույց կետը նախաձեռնության իրականացման ֆինանսական կետն էր: Այս բարեփոխումը կարող էր հանգեցնել նրան, որ որոշ հեռուստաընկերություններ պարզապես կդադարեցնեին գործունեությունը, կամ կտեղափոխվեին մալուխային հեռարձակման տիրույթ: Խոչընդոտող հանգամանք էր նաև այն, որ ազնիվ չէր լինի հեռուստաընկերություններին առաջարկել նման կարգավորում՝ անմիջապես լիցենզիաների մրցույթի նախաշեմին»,- ընդգծեց նա։
Վահագն Թևոսյանը նկատեց՝ հաշվի առնելով այս հանգամանքը և հավատարիմ մնալով խոսքի ազատության հնարավոր սահմանափակման գործառույթին չդիմելու փիլիսոփայությանը՝ գոնե այս պահին նպատակ ունեն ձեռնպահ մնալ այդ արմատական փոփոխությունը կատարելուց՝ հետագայում հանգամանալից քննարկելով հանրապետական սփռման մուլտիպլեքսների ստեղծման հնարավորությունները, այդ թվում՝ տեխնիկական հնարավորությունները։ Նա խոստացավ այս առումով հետևողական լինել, քանի որ մեդիայի անկախության տեսակետից դա կարևոր է: