Եղվարդի ծննդատանը, հնարավոր է, ևս մեկ տարվա անցումային շրջան տրվի․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Եղվարդի ծննդատունը նորից կդիմի պետական պատվերի համար, հնարավոր է ևս մեկ տարվա անցումային շրջան տրվի՝ նշված թվին հասնելու համար»,- այս մասին Կառավարության այսօրվա նիստից հետո հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով ծննդատների փակման վերաբերյալ քննարումներին։
Մյուս ծննդատների հետ կապված փոփոխություն չի չինի, որովհետև շատ հեռու են սահմանված ցուցանիշներից,- տեղեկացրեց նախարարը։
Անդրադառանալով կադրային խնդիրներին, Թորոսյանն ասաց․
«Այս բուժհաստատություններում ծննդօգնության ծառայությունում աշխատողների մի մասը համատեղությամբ նույն հաստատությունում այլ ծառայություններ է մատուցում, և մենք պատրաստ ենք բուժաշխատողների մասով, ովքեր չեն կարող այլ ծառայություններ մատուցել, քննարկել այլ բուժհաստատություններում աշխատանքի տեղավորման հարցը»։
Թորոսյանը նշեց, որ ծննդատներում ոչ միայն ֆիզիկական պայմանների և կադրերի առկայությունն է կարևոր, այլ նաև տարածաշրջանի ազգաբնակչությունը և մոտակա ավելի լավ ծննդատան առկայությունը։
Արսեն Թորսյանը նշեց նաև, որ Աչաջուր համայնքի առողջության կենտրոնը պետք է դադարի ծննդօգնության ծառայություններ մատուցել․
«Մենք նաև առանձին կզբաղվենք այդ մասով, թե ինչպես էր ստացվել, որ սանիտարահամաճարակային պայմանները խախտվել էին, և օպերատորը իր միկրոֆոնով հայտնվել էր ծննդօգնության սենյակում»։
Հիշեցնենք՝ խոսքը տարածված տեսանյութի մասին է, որտեղ երեւում է, որ ուղիղ եթերում լրագրողի ներկայությամբ երեխա է լույս աշխարհ գալիս։
Ինչ վերաբերում է երեխաների ապօրինի որդեգրման դեպքերին, Թորոսյանն ասաց, որ ամեն ինչ անելու են, որ գործընթացները լինեն պարզ և ծնողների համաձայնությամբ, օրինակ՝ մի քանի օրվա ընթացքում մահացած երեխաների կամ մեռելածինների հերձման կամ մնացած այլ կարգերը կխստացվեն, նաև կանխարգելման համար բուժաշխատողների հետ կրթական ծրագրեր կարվեն։
Թորոսյանի խոսքով՝ այս երևույթի դեմ պայքարելու համար կա երկու մեթոդ՝ կանխարգելման մեխանիզմների և պատժի անխուսափելիության։