Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Տնտեսական հեղափոխություն չի կարող լինել առանց «Նաիրիտի»․ ակցիա (տեսանյութ)

«Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը տեղեկություններ ունի, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը բավական հետաքրքրված է «Նաիրիտ» գործարանով։

 «Կառավարության ներկայացուցչից այսօր տեղեկություն ստացանք, որ կան ռեալ քայլեր՝  կապված Նաիրիտ գործարանի հետ։ Մեկ շաբաթ առաջ նրանք եղել են գործարանում։ Նախատեսված է, որ իրանական ընկերությունը պետք է կատարի ֆինանսական և տեխնիկական  աուդիտ»,- կառավարության շենքի դիմաց ասաց նա։   

Գործարանի նախկին աշխատակիցները, նաեւ «Կամք» նախաձեռնության անդամները պահանջում էին, որ երբեմնի քիմիական հսկան վերագործարկվի։

Բայց նրանք մտահոգություններ ունեն։

«Գործարանում կատարվում են  դեպքեր , որոնք կարող են խանգարել իրանական կողմի հետ բանակցություններին, ներդրումային ծրագրին։ Այսօրվա մեր միակ անհանգստությունը սնանկության կառավարչի կատարած քայլն է, նա համախոհներ է ձեռք բերում՝ այդ գործարանը մաս-մաս վաճառելու համար։ Պարզ է, որ այս տարբերակով նա վաճառքից ստանում է իր տոկոսները»,- ասում է նախկին տնօրենը։

«Կամք» նախաձեռնության անդամ  Վահագն Չախալյանը ասում է, որ իրենք կլինեն նաիրիտցիների կողքին եւ  թույլ չեն տալու, որպեսզի վերջնականապես փոշիացվի «Նաիրիտը»։

«Այն  պատկանում է ՀՀ բոլոր քաղաքացիներին,  բոլորիս հարստությունն է և բացարձակապես անթույլատրելի է մեր սերունդներին պատկանող հարստությունը վաճառել օրվա խնդիրը լուծելու համար»,- ասում է նա։

«Մենք համոզված ենք , որ 2 հյուրանոց բացելով և մի քանի աշխատող ընդունելով հնարավորություն չի լինելու տնտեսական հեղափոխություն ապահովելու։ Տնտեսական հեղափոխություն կարելի է միայն սկսել «Գործարանային» մետրոյի տարածքից և հենց «Նաիրիտից» »,- հայտարարեց նա։